Արմինֆո. Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամն իրականացնում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը, որի բաղադրիչներից է «Արժեշղթաների զարգացումը»: Վերջինիս ուղղված ենթածրագրերը իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Ծրագիրն իրականացվում է 2015 թվականից: Հիմնական նպատակը հանրապետության ագրովերամշակման ոլորտին աջակցություն ցուցաբերելն է: Ընդգրկված են պտուղ-բանջարեղենի, մսի, ձկան, կաթի վերամշակման ոլորտները, մեղրի արտադրությունը, բարձրարժեք հատապտուղների արտադրությունը», - նշել է նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Ենթածրագրերի ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով: Նախատեսվում է ֆինանսական օժանդակություն ցուցաբերել պետական գրանցում ունեցող գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, արտադրական, սպառողական և գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ձեռնարկություններին, բացառությամբ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների, որոնք ներգրավված են ընտրված արժեշղթաների մեջ և բավարարում են ծրագրի համապատասխանության և ընտրության չափանիշներին:
Բիզնես-ծրագրերը ներկայացնելու համար մասնակիցներին տրվելու է մեկ ամիս: Առաջարկվող ենթածրագրի տևողությունը պետք է լինի նվազագույնը՝ 12, իսկ առավելագույնը 24 ամիս: Տրամադրվելու է 8,000-ից մինչև 50,000 ԱՄՆ դոլար:
Ենթածրագրերի նպատակային ֆինանսավորում չի հատկացվում այն հայտատուներին, որոնք նախկինում անհաջողության են մատնել, կամ ձախողել են որևէ ծրագիր, կամ արդեն իսկ եղել է նույնի շահառուն:
RUB | 4.00 | -0.03 |
USD | 387.20 | 0.07 |
EUR | 422.20 | -0.66 |
GBP | 506.57 | 1.02 |
CAD | 280.34 | -0.27 |
JPY | 25.96 | 0.07 |
CNY | 54.43 | -0.23 |
CHF | 449.34 | -0.45 |