Արմինֆո. Ջրային տնտեսության պետական կոմիտեում քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Դմիտրի Գվինդադզեին: Ինչպես տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, հանդիպման հիմնական նպատակը Բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ներկայացումն էր և հետագա համագործակցության քննարկումը:
«Ջրային տնտեսության պետական կոմիտեն ՎԶԵԲ-ի աջակցությամբ մի շարք ծրագրեր է իրականացրել, որոնցից երկուսն արդեն ավարտված են: Դրանցից մեկը Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիրն էր, որն իրականացվել է նաև ՎԶԵԲ վարկային միջոցներով: Այս ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ բարելավել Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ջրամատակարարումը, ինչպես նաև՝ Տավուշի և Վայոց ձորի մարզերում կեղտաջրերի մաքրման կայաններ կառուցել»,- նշեց Ա. Հարությունյանը և ավելացրեց, որ 3-ամյա այս ծրագիրը կողմերի միջև արդյունավետ աշխատանքի ցուցանիշ է:
Ներկայացնելով ընթացիկ ծրագրերը՝ Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ Բանկի համաֆինանսավորմամբ այս պահին երկու խոշոր ծրագիր է իրականացվում, մեկ մարզերում, մյուսը՝ Երևանում:
Հայաստանի ջրամատակարարման ոլորտի ներդրումային ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը 80 մլն եվրո է, նախատեսվում է Հայաստանի 9 մարզերի
126 առավել կարիքավոր համայքներում ջրամատակարարման, ջրահեռացման
ցանցերի և ջրի մաքրման կայանների վերակառուցում և արդիականացում
իրականացնել: Այս ծրագրում ՎԶԵԲ վարկային մասնակցությունը կազմում է 30 մլն եվրո:
Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրով նախատեսվում է իրականացնել ջրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքներ, այդ թվում՝ ջրի նոր խողովակների և պոմպերի փոխարինում, անհատական միացումների փոխարինում և ջրաչափերի տեղադրում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 21 մլն դոլար, ՎԶԵԲ մասնակցությունը՝ 7 մլն դոլար:
Դ. Գվինդադզեն գոհունակություն հայտնեց ՋՏՊԿ հետ համագործակցության արդյունքներից և նշեց, որ սիրով և պատրաստակամությամբ է ստանձնել Բանկի երևանյան գրասենյակի տնօրենի պաշտոնը, քանի որ ծանոթ է տարածաշրջանի
առանձնահատկություններին: Նորանշանակ տնօրենը հույս հայտնեց, որ ընթացիկ ծրագրերով իրականացվող աշխատանքները շոշափելի օգուտ կբերեն Հայաստանին:
Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի ինստիտուցիոնալ ներդրողներից է: Հայաստանում ՎԶԵԲ-ի մեկնարկից ի վեր, մասնավորապես`1992 թվականից, ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների 157 ծրագրերի իրականացմանը ներդրվել է ավելի քան 1,13 մլրդ եվրո: Ընդ որում, ներդրումների 88% -ն ուղղվել է մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը: