Ուրբաթ, 23 Փետրվարի 2018 14:48
Նաիրա Բադալյան

Իգոր Նազարուկն առաջարկել է դիտարկել Հայաստանի միջմարզային ուղևորափոխադրումներում բելառուսական ավտոբուսների կիրառման հնարավորությունները

Իգոր Նազարուկն առաջարկել է դիտարկել Հայաստանի միջմարզային ուղևորափոխադրումներում բելառուսական ավտոբուսների կիրառման հնարավորությունները

Արմինֆո.ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 22-ին ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին։

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու պետությունների միջև միջպետական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման մեխանիզմներին, տրանսպորտային համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը, մուլտիմոդալ փոխադրումներն ակտիվացնելու, Բելառուսի հետ ուղիղ և տարանցիկ ավիաչվերթներ իրականացնելու վերաբերյալ մի շարք հարցեր:

 

Դեսպանը նախարարից հետաքրքրվեց Հայաստանի և Բելառուսի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության վավերացման ժամկետներից, համաձայն որի՝ երկու պետությունները կազատվեն մուտքի, ելքի, տարանցման և ԵԱՏՄ անդամ-երկրների տարածքում դեպի 3-րդ երկիր և 3-րդ երկրից պետական բեռնափոխադրումների իրականացման համար թույլտվությունների պարտադիր պահանջից և ճանապարհային վճարից: Վահան Մարտիրոսյանը Իգոր Նազարուկին տեղեկացրեց, որ փաստաթուղթն արդեն ԱԺ-ում է և շուտով այն կվավերացվի։

 

Նախարարը դեսպանին ներկայացրեց նաև Հայաստանի տարածքում միասնական տրանսպորտային ցանցի ներդրման ծրագիրը: Իր հերթին Իգոր Նազարուկն էլ նշեց, որ Բելառուսում արդեն իսկ գործում է միասնական երթուղային համակարգ:

 

Անդրադառնալով ուղևորափոխադրումների ոլորտում համագործակցության ընդլայնմանը՝ դեսպանը նախարարին ներկայացրեց բելառուսական արտադրության ավտոբուսների, այդ թվում՝ էլեկտրամոբիլների որակական և տեխնիկական առանձնահատկությունները։ Նա առաջարկեց դիտարկել Հայաստանի միջմարզային ուղևորափոխադրումներում այդ ավտոբուսների կիրառման հնարավորությունները:

 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում համատեղ հանդիպում կազմակերպել արտադրող և Բելառուսում միասնական երթուղային համակարգը մշակած ընկերությունների ներկայացուցիչների հետ և առավել մանրամասն քննարկել ներկայացված տրանսպորտային միջոցները Հայաստանի բնակլիմայական, ռելիեֆային պայմաններում շահագործելու, ինչպես նաև դրանց տեխնիկական սպասարկումը կազմակերպելու հնարավորությունների շուրջ։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Բելառուսի միջև առկա է հարաբերությունների խորացման մեծ ներուժ: ՀՀ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ անցած տարվա առաջին 11 ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 20 տոկոսով: Քննարկվել են տարբեր բնագվառներում, մասնավորապես՝ անասնաբուծության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները: