Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ավելացնել Հայաստան գազի մատակարարումների ծավալները: Այդ մասին փետրվարի 27-ին Երևանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստից հետո լրագրողներին հետ զրույցում հայտարարել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:
Նախարարի խոսքով, «Գազ՝ էլեկտրաէներգիայի փոխարեն» ծրագրի շրջանակներում անցկացվել են շատ լավ բանակցություններ: Մասնավորապես, ինչպես նշել է Իրանի էներգետիկայի նախարարը, մոտ ժամանակներս տեղի կունենան իրանական և հայկական կողմերի միջև բանակցություններ: Իրանական կողմից բանակցություններին կմասնակցի ԻԻՀ նավթի նախարարությունը, հայկական կողմից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: «Կարծում եմ՝ մոտ ժամանակներս այդ բանակցությունների արդյունքների մասին տեղեկատվությունը հանրության սեփականությունը կդառնա»,- հայտարարել է նախարարը:
Փետրվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտնել էր, որ Իրանը Հայաստան գազ է մատակարում «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց՚ գործարքի շրջանակում` 1 խմ գազ 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց հաշվարկով: Այդ ծրագրի շրջանակում, ինչպես կարծում է փոխնախարարը, ոչ մի սահմանափակում չկա: Ավելին, ընթացիկ տարում նախատեսվում է զգալիորեն ավելացնել Իրանից գազի մատակարարումների ծավալները: 2017 թվականին Իրանից առաքվել է 382,7 մլն խմ գազ, Ռուսաստանից` 1,996 մլրդ խմ: Ընդ որում, Ռուսաստանից գազի մատակարարումների ծավալները նախորդ տարի ավելացել են 7 տոկոսով, Իրանից` 2,9 տոկոսով:Ինչ վերաբերում է ԻԻՀ-ից գազի ուղիղ մատակարարումներին, ապա այստեղ հարցն առնչվում է գնին: «Իրանական կողմից մինչ օրս գազի ավելի մատչելի գնի վերաբերյալ առաջարկություններ չեն ստացվել: Երբ ստացվի ավելի մրցունակ գին, այն ժամանակ հարցը կքննարկվի՚, - ընդգծել է փոխնախարարը՝ հավելելով, որ միայն հունվարին գազի դիմաց Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալներն ավելացել են 104 տոկոսով:
Մինչդեռ 2017 թ. հոկտեմբերի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել էր, որ Հայաստանն իրանական գազ ձեռք կբերի միայն այն դեպքում, եթե այն ռուսականից ավելի էժան լինի: Ռուսական բնական գազի գինը Հայաստանի համար 2018 թ. սահմանին կկազմի հազար խմ դիմաց $150: