Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018 14:06
Նաիրա Բադալյան

Քննարկվել է Brussels Airlines-ի կողմից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը

Քննարկվել է Brussels Airlines-ի կողմից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը

Արմինֆո. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Brussels Airlines բելգիական ավիաընկերության փոխնախագահ պարոն Հերման Կարպենտյերի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է ավիաընկերության կողմից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը: Պարոն Կարպենտյերը տեղեկացրել է, որ ավիաընկերությունը լրջորեն քննարկում է երթուղու շահագործման հնարավորությունը, հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին ՀՀ ավիաշուկայում տեղի ունեցող դրական զարգացումները և ուղևորահոսքի աճի տեմպը կարող են դրական ազդել ավիաընկերության կողմից ՀՀ-ից կենտրոնական Եվրոպա կապող երթուղու շահավետության ապահովման վրա:

 

Սերգեյ Ավետիսյանն իր պատրաստակամությունն է հայտնել ավիաընկերությանը ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն չվերթների կազմակերպման հարցում՝ նշելով, որ ավիացիայի ոլորտում Հայաստանի և Բելգիայի միջև ապահովված է անհրաժեշտ իրավական դաշտ չվերթների բնականոն շահագործման համար, ինչպես նաև վերջերս նախաստորագրված ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման դեպքում ավիաընկերության համար կստեղծվեն առավել նպաստավոր պայմաններ երթուղիների ցանցի ընլայնման համար:

 

Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ միջազգային օդանավակայանների մենեջեր Մարսելո Վոնդեն, ով ևս իր աջակցությունն է առաջարկել ավիաընկերությանը չվերթների կազմակերպման հարցում:

 

Գլխավոր վարչությունը կազմակերպել է նաև ավիաընկերության պատվիրակության հանդիպումները բոլոր շահագրգիռ կողմերի և ծառայությունների հետ՝ տեխնիկական հարցերի քննարկման նպատակով:

 

Ավելի վաղ Brussels Airlines-ն 2017 թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 24-ը և սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 28-ը կանոնավոր չվերթներ է իրականացնել Երևանից դեպի Բրյուսել: Brussels Airlines-ը խոշորագույն ավիաընկերություն է և Բելգիայի ազգային ավիափոխադրողը՝ հանդիսանալով նաև Lufthansa-ի դուստր ընկերությունը: Այն աշխատում է 62 ուղղություններով և եվրոպական 20 երկրներում: Չվերթներ է իրականացնում նաև դեպի Արևելք, Կենտրոնական և Արևմտյան Ամերիկա: Ընկերությունը հանդիսանում է IATA- ի և AEA-ի անդամ: Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Բրյուսելում: