Արմինֆո. 2017 թ. Հայաստանի տնտեսությունում ներդրումների ընդհանուր ծավալը /կապիտալ ներդրումներ-խմբ./, հաշվի առնելով ֆինանսավորման տարբեր աղբյուրները, այդ թվում՝ պետական, վարկային և դրամաշնորհային, կազմել է $856,5 մլն: ՀՀ կառավարության պաշտոնական կայքում զետեղված հաշվետվության համաձայն՝ http://www.gov.am/u_files/file/documents/INVESTMENTS-28_02.pdf, այդ գումարից բացի, ևս $170,9 մլն ներդրվել է տնտեսությունում՝ մարզերի զարգացման ծրագրի շրջանակներում:
Հաշվետվության համաձայն՝ ամենամեծ ծավալով ներդրումներ /կապիտալ ներդրումներ/ ուղղվել են. Էներգետիկայի և բնական պաշարների ոլորտ՝ $293,6 մլն, տրանսպորտի, կապի ՏՏ ոլորտ՝ $175,2 մլն, քաղաքաշինությանը՝ $99,0 մլն:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ենթակա ձեռնարկություններում ներդրվել է $78,9 մլն, գյուղատնտեսությունում $72,8 մլն, տարածքային զարգացման ոլորտին առնչվող ձեռնարկություններին՝ $58,0 մլն, առողջապահության՝ $31.34 մլն: Կրթության և գիտության նախարարությանը ենթակա ձեռնարկություններում ներդրվել է ընդամենը $18,0 մլն, բնապահպանական գերատեսչությանը՝ $5,1:
Նշվում է, որ ներդրումների կառուցվածքում համայնքային բյուջեին բաժին է ընկնում ընդհանուր ներդրումների 3%-ը, պետական բյուջեին 4%, դրամաշնորհային ծրագրերին բաժին է ընկնում 6%, վարկային ծրագրերին՝ 19% և մասնավոր հատվածին՝ 68%:
Հաշվետվության համաձայն, ամենախոշոր ներդրումներն ուղղվել են բժշկական կենտրոնների արդիականացման և վերանորոգմանը ՝
$24 մլն, այգիների և ջերմոցային տնտեսությունների ստեղծմանը՝ $43 մլն,
գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերմանը, արտադրական հզորությունների ավելացմանը՝ $20 մլն, հանքարդյունաբերությունում՝ $251 մլն, ատոմային էներգետիկայում՝ $30 մլն, ՀԷԿ արդիականացմանը ՝
$42 մլն, ճանապարհների և տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման և վերանորոգմանը՝ $195 մլն, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ցանցերի վերազինմանը և արդիականացմանը՝ $69 մլն, հյուրանոցների և բազմաֆունկցիոնալ համալիրների շինարարությանը՝ $55 մլն, բազմաբնակարան շենքերի կառուցմանը՝ $29 մլն: Օտարերկրյա ներդրումների, ինչպես նաև ՕՈւՆ ծավալները չեն նշվում: