Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 1-ին հյուրընկալել է Բելառուսից ժամանած պատվիրակությանը՝ Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին բելառուսական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղված են ճանապարհաշինության, սպասարկող տեխնիկայի արտադրության և տրանսպորտային համակարգերի ավտոմատացման ոլորտներում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը, ողջունելով հյուրերին, հույս է հայտնել, որ քննարկման ընթացքում և հաջորդիվ կուրվագծվեն համագործակցության ուղիներ այս ոլորտներում: Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում ճանապարհաշինական և տրանսպորտային բարեփոխումներին վերաբերող ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, նշել այն ուղղությունները, որով հնարավոր է գործակցություն բելառուսական ընկերությունների հետ:
Մասնավորապես, նա անդրադարձել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» հարավային հատվածում բարդ ենթակառուցվածքներ պարունակող 70կմ-անոց հատվածի շիննախագծին, որը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով:
Նախարարն առաջնահերթ ընդգծել է միասնական տրանսպորտային ցանցի ներդրման նախագիծը, որը կընդգրկի հանրապետության ամբողջ տարածքը:
Հյուրերը ներկայացրել են բելառուսական ընկերության նախագծած համակարգը, որով ուղևորավարձի վճարումը լիովին ավտոմատացված է. աշխատում է քարտային՝ առանց կոնտակտի սկզբունքով, հնարավորություն է տալիս ղեկավարել երթուղիները և մեծացնել դրանց արդյունավետությունը: Ընկերությունը առաջարկում է ոչ միայն ծրագրային լուծում, այլև տրանսպորտի կահավորման համար անհրաժեշտ սարքավորումներ:
Նախարարը բելառուսական ընկերություններին առաջարկել է մասնակցել օպերատորի ընտրության մրցույթին:
Զրույցի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի 2-ին հանդիպում կազմակերպել պատվիրակության և հայաստանյան շահագրգիռ ընկերությունների հետ:
Հավելենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջտանառությունը 2017 թվականին կազմել է 44,6 մլն դոլար` 21,5% տարեկան աճով: Ընդ որում, արտահանումւ նվազել է 48,3%-ով, մինչև 6,9 մլն դոլար, իսկ ներմուծումն ավելացել է 61,7%-ով` մինչև 37,7 մլն դոլար: