Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մարտի 2-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին բեռալառուսական տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ։
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելառուսական տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են առկա պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, այդ թվում՝ Բելառուսական զարգացման բանկի հետ փոխգործակցությանը։ Նշվել է, որ բանկի ներկայացուցիչները առաջիկա ամիսներին կայցելեն Հայաստան՝ Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի հետ փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով։
Քննարկվել են նաև դեպի երրորդ երկրներ արտահանման հնարավորությունները, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շուրջ ստեղծվող հեռանկարները, արդյունաբերական կոոպերացիաների հիմնումը և մի շարք այլ օրակարգային հարցեր։
Սուրեն Կարայանը և Դմիտրի Կորչիկը հանդիպման մասնակիցների հետ քննարկել են գործարար պատվիրակության այցի մանրամասները, անհրաժեշտ հանդիպումների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Սուրեն Կարայանը նշել է, որ հետևողական է լինելու այցի ընթացքին և հույս հայտնել, որ այն արդյունավետ կլինի հայ-բելառուսական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու տեսանկյունից։
Բելառուսից ժամանած գործարարների խմբի համար հանդիպումներ են նախատեսվում պետական գերատեսչություններում և մասնավոր ընկերություններում՝ քննարկելու տրանսպորտային միջոցների հավաքման արտադրության, գյուղտեխնիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Նշենք, որ «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՓԲԸ-ն ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որն իր գործունեությունն իրականացնում ՀՀ ԿԲ թիվ 28 լիցենզիայի հիման վրա, Այն ստեղծվել է «Տնտեսության կայունացման վարկավորում» ծրագրի շրջանակներում, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2009 թ. հունիսի 26-ի թիվ 717-Ա որոշմամբ: կազմակերպության նպատակն է նպաստել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: Կազմակերպության կանոնադրական կապիտալը կազմում է 2,2 մլրդ դրամ: Առաքելությունն է`խթանել բիզնեսի զարգացմանը Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում, կենտրոնանալով մարզերի համաչափ զարգացման վրա: Վարկավորման հիմնական ոլորտներն են` արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, շինարարությունը և ծառայությունների տրամադրումը և տեխնիկական սպասարկումը:
Նշենք, որ ՀՀ պաշտոնական վիճակագրության տվյալներով, 2017 թվականին Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 44.6 մլն դոլար, տարեկան աճը` 21.5%: Այդ թվում, արտահանումը Հայաստանից կազմել է 6,9 մլն.դոլար, տարեկան անկումը`48,3%, իսկ ներմուծման տարեկան աճը կազմել է 61,7%: