Արմինֆո. Մարտի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական և բիզնեսի հարցերով փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունները և կարևորեց բարձրաստիճան շփումները, որոնք լավ առիթ են ընձեռում երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերը քննարկելու համար: Այս համատեքստում ԱԳ նախարարը նշեց, որ անցյալ ամիս Երևանում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ում հետ քննարկվեցին նաև առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացման հնարավոր ուղիները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրայան ՄաքՖիթերսը նշեց. «Տնտեսական և առևտրային կապերն օգնում են ձևավորել միավորումներ ու գործընկերություններ, և ինձ գոհացնում են մեր համատեղ ջանքերն ուղղված առևտրի ծավալների ընդլայնմանը և Հայաստանում ամերիկյան ներդրումների խթանմանը: Մենք կուզենայինք, որ Հայաստանն ակտիվորեն օգտվի Արտոնությունների ընդհանրացված համակարգի ներքո ընձեռված հնարավորություններից»:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին առևտրատնտեսական կապերի առավել խթանմանը, համապատասխան իրավապայմանագրային հիմքի ընդայմանն առնչվող հարցեր, կարևորեցին Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի և հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:
Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն ավելացել են՝ միաժամանակ ընդգծելով, որ հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժը հնարավոր կլինի համատեղ քայլերով առավել արդյունավետ օգտագործել:
RUB | 4.93 | 0.03 |
USD | 381.14 | -0.06 |
EUR | 444.68 | 0.24 |
GBP | 508.59 | 2.36 |
CAD | 272.91 | -0.43 |
JPY | 24.63 | 0.11 |
CNY | 53.90 | -0.06 |
CHF | 476.13 | 0.11 |

