Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդական/բելգիական ընկերակցային խմբի գործադիր տնօրեն Էնթոնի Դե Լաննոյին:
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում նախարարը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ երկարամյա արգասաբեր համագործակցությունը՝ կարևորելով վերջինիս դերը Հայաստանում իրականացված տարբեր բարեփոխումների գործընթացներում: Հատկապես կարևորվել է նախորդ տարի հարկաբյուջետային կանոնների վերանայման և հարկային քաղաքականության բարեփոխումներին ցուցաբերված տեխնիկական աջակցությունը:
Նախարարը նաև կարևորել է «Երկարաձգվող ֆինանսավորման գործիք» ԱՄՀ նախորդ եռամյա ծրագրի (2014-2017թթ.) արդյունավետ իրականացումը, մասնավորապես, մրցակցության, դրամավարկային քաղաքականության հարկային և մի շարք այլ ոլորտներում կատարված բարեփոխումների առումով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ԱՄՀ նոր ծրագրի շուրջ մեկնարկած քննարկումները:
Նախարար Արամյանը պատրաստակամություն է հայտնել շարունակական ջանքեր գործադրել հիմնադրամի հետ հետագա համագործակցության էլ ավելի խորացման ուղղությամբ՝ վստահ լինելով, որ այն կնպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսության արդյունավետության բարձրացման և արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության իրականացմանը:
Հիշեցնենք, որ ԱՄՀ-ն ծրագրային աջակցություն է տրամադրել 2014 թ.-ից մինչեւ 2017 թվականը Հայաստանում «Երկարաժամկետ ֆինանսավորման» (EFF) ծրագրի շրջանակներում: 2016 թվականի դեկտեմբերի 9-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն ավարտեց Հայաստանում «Երկարաժամկետ ֆինանսավորման» ծրագրի իրականացման չորրորդ ամփոփիչ ստուգումները, որի արդյունքում հիմնադրամը հավանություն տվեց Հայաստանին 15.65 միլիոն SDR (21.24 մլն.դոլար) տրամադրմանը:
Այսպիսով, ինչպես նշվում է ԱՄՀ զեկույցում, ֆինանսավորման ընդհանուր ծավալը կհասնի 66,52 մլն. SDR-ի կամ մոտ 90,28 մլն դոլարի: 82.21 մլն.SDR կամ 111.57 մլն. դոլար ընդհանուր գումարով ծրագիրը հաստատվել է 2014 թ. մարտի 7-ին: Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեյը ապրիլի 2017-ին հայտարարեց, որ ծրագրի նպատակն է աջակցել երկրի տնտեսությանը, աջակցել վճարային հաշվեկշռի և ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականությանը: