Արմինֆո. Brussels Airlines բելգիական ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) կողմից ստացել է թույլտվություն՝ հունիսի 02-ից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՔԱԳՎ մամուլի ծառայությունից, հունիսի 02-ից հուլիսի 02-ը, ինչպես նաև օգոստոսի 29-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ, իսկ հուլիսի 03-ից օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը սույն թվականի փետրվարի 28-ին ընդունել էր Brussels Airlines ավիաընկերության փոխնախագահ պարոն Հերման Կարպենտյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել էր ավիաընկերության կողմից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը: Պարոն Կարպենտյերը տեղեկացրել էր, որ ավիաընկերությունը լրջորեն քննարկում է երթուղու շահագործման հնարավորությունը, հատկապես, հաշվի առնելով, որ վերջին տարիներին ՀՀ ավիաշուկայում տեղի ունեցող դրական զարգացումները և ուղևորահոսքի աճի տեմպը կարող են դրական ազդել ավիաընկերության կողմից ՀՀ-ից կենտրոնական Եվրոպա կապող երթուղու շահավետության ապահովման վրա:
Հանդիպմանը ներկա էր ՀՀ միջազգային օդանավակայանների մենեջեր Մարսելո Վոնդեն, ով ևս իր աջակցությունն էր առաջարկել ավիաընկերությանը` չվերթների կազմակերպման հարցում:
Brussels Airlines-ը խոշորագույն ավիաընկերություն է և Բելգիայի ազգային ավիափոխադրողը՝ հանդիսանալով նաև Lufthansa-ի դուստր ընկերությունը: Այն աշխատում է 62 ուղղություններով և եվրոպական 20 երկրներում: Չվերթներ է իրականացնում նաև դեպի Արևելք, Կենտրոնական և Արևմտյան Ամերիկա: Ընկերությունը հանդիսանում է IATA- ի և Association of European Airlines AEA-ի անդամ: Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Բրյուսելում: