
Արմինֆո. ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Սիլիկոնյան հովտում /ԱՄՆ/ հանդիպում է ունեցել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 100 գործարարների ու մասնագետների հետ:
Զրույցն ընթացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումների ու մարտահրավերների շուրջ: Արմեն Սարգսյանը ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մեծ հաջողությունները, նաեւ նշել է, որ ոլորտը շատ արագ է զարգանում ու փոփոխվում, հետեւաբար մենք պետք է ձգտենք կատարելագործման ու ավելի մրցունակ լինենք։ Նրա խոսքով, Հայաստանում առկա է հսկայական ներուժ, որի ճիշտ ուղղորդումը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանն ու ներդրումների ներգրավմանը:
Սիլիկոնյան հովտի երիտասարդ ծրագրավորողների հետ Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ներկայացրել երկրի ապագայի իր տեսլականը:
Նորընտիր նախագահն այցելել է նաեւ Սինոփսիս ընկերություն եւ ծանոթացել Սինոփսիսի գործունեությանն ու գրանցած հաջողություններին:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի ՏՏ ոլորտը 2017 թվականի արդյունքներով արձանագրել է 13.6% աճ՝ ապահովելով տարեկան 269,1 մլրդ դրամ ($ 557,5 մլն) հասույթ: Հասույթի 80.1% -ը կազմում են մատուցված ծառայությունները, տարեկան աճը`6,5%-ով, մինչև 215.5 մլրդ դրամ: