Հինգշաբթի, 22 Մարտի 2018 17:12
Ալեքսանդր Ավանեսով

Քննարկվել են բնական գազի և էլեկտրաէներգիայի առաքման ու փոխանակման և այդ համատեսքտում Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են բնական գազի և էլեկտրաէներգիայի առաքման ու փոխանակման և այդ համատեսքտում Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Աշոտ Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-21-ն աշխատանքային այցով  Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում էր:

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և Թուրքմենստանի պետական նախարար Միրատ Արչաևը հանձնաժողովի անդամների հետ քննարկել են անցյալ տարի Երևանում կայացած հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առաջիկա անելիքները:

 

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Աշգաբադ-Երևան ուղիղ ավիաչվերթի բացման և կանոնավոր չվերթերի իրականացման արդյունքում զբոսաշրջության խթանման իրական հնարավորությունները և  կարևորել  չվերթերի  ավելացումը:

 

Անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնման, արտահանման խրախուսման, ուսանողների և մարզիկների փոխանակման ծրագրերին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են բնական գազի և էլեկտրաէներգիայի առաքման ու փոխանակման և այդ համատեսքտում Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության հնարավորությունները:

 

Երկու երկրների նախարարները քննարկել են նաև հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգն ու անցկացման հնարավոր ժամկետները, որը տեղի կունենա 2018թ.-ին Աշգաբադում:

 

Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովում Աշոտ Մանուկյանն ասել էր, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Հայաստան էներգակիրների մատակարարումների հնարավորության շուրջ՝ օգտագործելով Իրանի տարածքը:

«Այդ նախագծի առնչությամբ առայժմ որևէ առաջընթաց չկա՝ ոչ մրցակցային գների պատճառով, գազի ռուսական գների համեմատ», - ընդգծել էր նախարարը: