Երեքշաբթի, 27 Մարտի 2018 18:13
Ալեքսանդր Ավանեսով

Հայկական գինեգործական ընկերությունները «Պրովայն Դուսելդորֆ 2018» միջազգային ցուցահանդեսից վերադարձել են մեդալներով

Հայկական գինեգործական ընկերությունները «Պրովայն Դուսելդորֆ 2018»  միջազգային ցուցահանդեսից վերադարձել են մեդալներով

Արմինֆո. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական  16  ընկերություններ միասնական տաղավարով ներկայացրել են իրենց արտադրանքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած գինու և ալկոհոլային ըմպելիքների՝ «Պրովայն Դուսելդորֆ 2018»  ամենամյա միջազգային ցուցահանդեսին,  որը համարվում է խոշորագույններից մեկն աշխարհում:

 

Ինչպես տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ընկերությունների կողմից ներկայացվել են ավելի քան 130 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ: Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում հայկական տաղավարը այցելուների մեծ հոսք է ունեցել: Մի շարք ընկերություններ ցուցահանդեսից վերադարձել են ոսկե և արծաթե մեդալներով:

 

Ցուցահանդեսի շրջանակում գինեգործ Վիլի Օպիցի կողմից անց է կացվել հայկական գինիների համտես՝ միջազգային լրատվամիջոցների, գինու մասնագետների և առևտրային ներկայացուցիչների համար:

 

Համաձայն նախնական վերլուծությունների` ցուցահանդեսին մասնակցության արդյունքում մասնակից ընկերություններն ընդհանուր առմամբ ունեցել են ավելի քան 500 հանդիպում հնարավոր գնորդների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել 200 նախնական պայմանավորվածություններ:

 

Հայկական տաղավար է այցելել նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վերջինս հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց է անցկացրել հայկական տաղավարում, համտեսել գինիները` կարևորելով Հայաստանի մասնակցությունը նման կարևոր ու զանգվածային միջոցառումներին:

 

Ցուցահանդեսին  ընդհանուր առմամբ ներկայացված էին ավելի քան 6600 ընկերություններ, այցելուների թիվը կազմել է  շուրջ 60.000:

 

Նշենք, որ ի տարբերություն այլ միջազգային ցուցահանդեսների, ինչպիսիք են իտալական Vinitaly-ն կամ ֆրանսիական Vinexpo-ն, որտեղ շեշտը դրվում է ընդունող երկրի ներկայացման վրա, ProWein ավելի բազմակողմանի է: Այստեղ գրեթե հավասար չափով ներկայացվում են գինի արտադրող երկրները: ProWein 2018 ցուցահանդեսի շրջանակներում եղել են խոհարարական նորությունների մասին զեկույցներ, տարբեր սեմինարներ, շնորհանդեսներ, ավելի քան 250 միջոցառումներ: Ցուցահանդեսը ներկայացված էին օղի, կոնյակ, ջին, վիսկի, ռոմ, բրենդի, լիկյորներ, խաղողի գինիներ, թունդ գինիներ (պորտվեյն, խերես, մադերա), վերմուտ, դեսերտային, քաղցր, չոր և փրփրուն գինիներ: