Չորեքշաբթի, 28 Մարտի 2018 11:38
Ալեքսանդր Ավանեսով

Ֆրանսիական զարգացման գործակալությունը 10 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Արարատի և Արմավիրի մարզերում գյուղատնտեսական ծրագրերի համար

Ֆրանսիական զարգացման գործակալությունը 10 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Արարատի և Արմավիրի մարզերում գյուղատնտեսական ծրագրերի համար

Արմինֆո.Ֆրանսիական զարգացման գործակալությունը 10 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Արարատի և Արմավիրի մարզերում գյուղատնտեսական ծրագրերի իրականացման համար: Այդ մասին հաղորդվել է նախօրեին կայացած սեմինարի ժամանակ՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ֆինանսների հասանելիության բարելավմանը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, գումարն ուղղվելու է կաթիլային ոռոգման համակարգերի և  կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, պտուղների վերամշակման ու հողերի կոնսոլիդացման ուղղությամբ կատարվող ծրագրերի իրագործմանը: Այս ծրագրի միջոցով Արարատի մարզում կառուցվող Վեդու  ջրամբարին հարակից համայնքների հողերը կխոշորացվեն և կաթիլային ոռոգման համակարգեր կներդրվեն:

 

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը նշել է, որ նմանօրինակ աշխատաժողովներն առավել կամրապնդեն երկրների միջև կապն ու ոլորտի տարբեր ներկայացուցիչների համար փորձի փոխանակման հարթակ կդառնան:

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ 2016 թ. հունվարին Հայաստանի և Ֆրանսիական զարգացման գործակալության միջև ստորագրվել է 75 մլն եվրո պայմանագիր՝ Վեդիի ջրամբարի կառուցման նպատակով: Փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանի 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի հիման վրա: Վարկը տրամադրվել է 20 տարի ժամկետով՝ վեցամյա արտոնյալ ժամանակաշրջանով: