Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երևանում տեղակայված SoftConstruct ընկերության գրասենյակ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, կառավարության ղեկավարին շրջայցի ընթացքում ներկայացվել է ընկերության գործունեությունը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղվում է ծրագրերի ստեղծմամբ, մատակարարմամբ և դրանց սպասարկումով: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված ընկերությունը գրասենյակներ է բացել աշխարհի 15 երկրներում և ունի ավելի քան 500 գործընկեր: SoftConstruct-ի և նրա հետ փոխկապակցված ընկերությունների աշխատակիցների թիվը հասնում է 2500-ի:
Բացի խաղային ծրագրերից՝ SoftConstruct-ում ստեղծվել են շատ այլ ծրագրեր, որոնց թվում են՝ Ucraft-ը, որը կայքեր պատրաստելու արագ և պարզ հարթակ է, CRM-ը՝ ուղղված հաճախորդների հետ կապի ապահովմանը, FeedConstruct ծառայությունը, որը համարվում է առաջատարներից մեկն աշխարհում և տեսահեռարձակում չունեցող խաղերի մասին մարզադաշտերից օնլայն տեղեկատվություն հավաքագրելու ամենաարագ և արդյունավետ միջոցն է: Նշվել է, որ SoftConstruct-ի մշակված ծրագրերի ու հավելվածների FeedConstruct համակարգը թույլ է տալիս տեղեկատվությունն աշխարհի ցանկացած կետից հաճախորդներին փոխանցել մինչև 0,5 վայրկյան արագությամբ, ինչը զգալիորեն ավելի արագ է ցանկացած տեսակի հեռուստահեռարձակումից: Ընկերության FCBanking ծրագիրն էլ նախատեսված է վարկային կազմակերպությունների համար:
Ընկերության ղեկավարները նշել են, որ նախատեսում են տարեցտարի ընդլայնել SoftConstruct-ի գործունեությունն ու ավելացնել աշխատատեղերի թիվը:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է ընկերության ակտիվ գործունեությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը միտված քայլերն ու ծրագրերը:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |