Արմինֆո. Վանաձորի մոտակայքում լեռնադահուկային հանգստավայրի կառուցման ծրագիրը Երևանից մարզեր «տուրիզմի արտահանումը» խթանելու նպատակ է հետապնդում: Այդ մասին ապրիլի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Նալբանդյանը նշել է, որ ծրագիրն ընդհանուր առմամբ կնպաստի մարզի տնտեսական աշխուժացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: «Չնայած Լոռին արդյունաբերական տարածաշրջան է, մենք զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկարներ ունենք: Ծրագիրը լիովին տեղավորվում է 2017-2025 թթ. զբոսաշրջության ոլորտի զարգացման մեր ռազմավարության մեջ: Ամենագլխավորն այն է, որ լեռնադահուկային համալիրը կգործի ոչ միայն ձմռանը, այլ նաև՝ ամռանը: Ամռանը զբոսաշրջիկներին կառաջարկվեն հանգստի այլընտրանքային տարբերակներ»,- նշել է մարզպետը:
«Մայմեխ Ռեզորթ» ՓԲԸ տնօրեն Մհեր Բաղդասարյանն իր հերթին հայտարարել է, որ ծրագրի միջոցով մարզում շուրջ 1600 աշխատատեղ կստեղծվի: Իսկ ծրագիրը նպաստում է լեռնադահուկային սպորտի և էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանում: «Ծրագրի շրջանակներում կառուցվող ալպիական գյուղում կբացվեն սահադաշտեր, նորագույն ճոպանուղիներ, կկառուցվեն նաև նոր հյուրանոցներ, սրճարաններ և ռեստորաններ: Համալիրում կկառուցվի լեռնադահուկային սպորտի ուսուցման դպրոց»,- հայտարարել է Բաղդասարյանը:
Նա նաև նշել է, որ համալիրի կառուցման համար տեղանքը մանրամասն ուսումնասիրվել է, հաշվի են առնվել բոլոր ցուցանիշները՝ տեղումների քանակը, արևային լուսավորությունը և լանդշաֆտը: Տվալ պահին լեռնադահուկային հանգստավայրի կառուցման տարածքը կազմում է 584 հա, սակայն հետագայում նախատեսվում է մեծացնել այն: Ծրագրում ներդրումներն այսօր կազմում են 14,4 մլրդ դրամ: «Մայմեխ Ռեզորթ» ՓԲԸ տնօրենի խոսքով, հանգստավայրը կկարողանա օրական ընդունել շուրջ 2000 զբոսաշրջիկ, ինչը կնպաստի Վանաձորում հյուրանոցային բիզնեսի աշխուժացմանը: Բաղդասարյանի խոսքով, հանգստավայրը պատրաստ կլինի զբոսաշրջիկներ ընդունել արդեն 2019
թ. դեկտեմբերին:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ