Արմինֆո. Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայաստանյան 7 արտադրող ապրիլի 5-8-ը Ղազախստանում մասնակցել են «Aru Almaty» 30-րդ ոսկերչական միջազգային ցուցահանդեսին:
Մասնագիտացված էքսպոն անցկացվում է տարեկան 2 անգամ՝ Ղազախստանի կառավարության ու Ոսկերիչների ազգային ասոցիացիայի աջակցությամբ։
«Aru Almatyե-ն մեր արտադրողների համար դիտարկվում է որպես հնարավոր դարպաս՝ դեպի ասիական մեծ շուկա: Այն միակ միջազգային ոսկերչական ցուցահանդեսն է Ղազախստանում և ամբողջ Կենտրոնական Ասիայում։ Նախորդ տարվա մասնակցության արդյունքում հայկական արտադրողները 38 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր են կնքել, իսկ «Միտարիո գոլդ» ընկերությունը խանութ-ներկայացուցչություն է բացել Ղազախստանում։
«Մասնագիտացված ցուցահանդես-վաճառքը բարենպաստ հարթակ է մանրածախ ու մեծածախ գնորդների հետ հանդիպելու, գործարքներ կնքելու համար։ Հատկապես այն ֆոնին, որ ասիական երկրները սկսել են դուրս գալ ճգնաժամից՝ վերականգնելով ոսկերչական իրերի առևտրի և շուկայի շրջանառության ծավալները։ Մենք նպատակ ունենք այս աճի տեմպերն օգտագործելով վերականգնել ու ավելացնել հայկական ոսկերչական իրերի արտահանումն ու վաճառքը Ղազախստանում և տարածաշրջանում»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային կոմերցիայի թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։
«Aru Almaty» էքսպոներին մասնակցում են հարյուրավոր ընկերություններ Հայաստանից, Բելգիայից, Հնդկաստանից, Իտալիայից, ԱՄԷ-ից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Չեխիայից, Ղրղզստանից, Ղազախստանից։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թ. ոսկերչական իրերի արտադրությունը Հայաստանում կազմել է 49.6 մլրդ դրամ՝ 35,7% տարեկան աճով: Թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների/քարերի և դրանցից իրերի արտահանումը 2017 թ. կրճատվել է 14,1%-ով՝ մինչև $289.6 մլն՝ ներմուծման 47,1%, մինչև $237.6 մլն աճի դեպքում: