Երկուշաբթի, 9 Ապրիլի 2018 19:34
Մարիաննա Մկրտչյան

Բրիտանացի գործարարներն ու ներդրողներն այս տարվա հունիսին կայցելեն Երևան

Բրիտանացի գործարարներն ու ներդրողներն այս տարվա հունիսին կայցելեն Երևան

Արմինֆո. Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանն այսօր Լոնդոնում հանիպել է Հայաստանում և Վրաստանում Մեծ Բրիտանիայի վարչապետի առևտրի և ներդրումների հարցերով հատուկ հանձնակատար Մարկ Փրիթչարդի հետ:

Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, քննարկվել են բրիտանացի գործարարների ու ներդրողների՝ հունիսին Հայաստան նախատեսվող այցի հետ կապված կազմակերպչական հարցեր, բրիտանացի ներդրողներին հետաքրքրող ներդրումային ծրագրեր:

Աշոտ Մանուկյանը, մասնավորապես, ներկայացրել է էներգետիկայի ոլորտում մասնագիտական վերապատրաստման ուսումնական կենտրոնի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները, կենտրոնի ստեղծմանը բրիտանական կողմի մասնակցության հնարավոր ուղղությունները:

Քննարկվել են նաև արևային և կուտակիչ կայանների կառուցման ներդրումային ծրագրերը, դրանցում բրիտանացի գործարարներին ներգրավելու սկզբունքները:

Նախարարի պաշտոնակատարը մանրամասն անդրադարձել է 14ՄՎտ դրվածքային հզորությամբ Հայաստանում առաջին կուտակիչ կայանի կառուցման պիլոտային ծրագրի իրականացման ընթացքին, էլեկտրաէներգիայի ներքին սպառման կառուցվածքում վերականգնվող էներգիայի տեսակարար կշռի շարունակական ավելացման խնդիրներին:

Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության զարգացման բնագավառում համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Մարկ Փրիթչարդը կառուցողական է գնահատել հայկական կողմի հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ բրիտանացի գործարարների՝ հունիսին կայանալիք այցը Հայաստան կլինի արդյունավետ և փոխշահավետ: Ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ  այցի նախապատրաստական աշխատանքների համակարգման նպատակով իրականացվող քայլերի ժամանակացույցի և այցի հետ կապված քննարկումների հետագա ընթացքի վերաբերյալ: