Շաբաթ, 5 Մայիսի 2018 15:47
Ալինա Հովհաննիսյան

ԵԱԶԲ-ն 30 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին` Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի ֆինանսավորման համար

ԵԱԶԲ-ն 30 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին` Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի ֆինանսավորման համար

Արմինֆո.  Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ստորագրել են վարկային համաձայնագիր` ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացման համար 30 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային գիծ տրամադրելու վերաբերյալ: Միջոցները տրամադրվում են 4 տարի ժամկետով:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԵԱԶԲ մամուլի ծառայությունից, ծրագրի իրականացումը կնպաստի բանկային գործունեության ընդլայնմանը, այդ թվում` բիզնես վարկավորմանը, ինչպես նաեւ տնտեսության իրական հատվածի ոլորտների զարգացմանը: «Փոքր եւ միջին բիզնեսը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. այն ապահովում է տնտեսության կայունությունը: Վարկային միջոցները կնպաստեն ՓՄՁ-երի երկարաժամկետ ֆինանսավորման խնդրի լուծմանը, ինչն անհրաժեշտ է կապիտալ ծախսերի եւ ներդրումների տեսանկյունից՚, - ասվում է հաղորդագրությունում:

 

Նշենք, որ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 2006 թվականի հունվարին Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից ստեղծված միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը նպաստում է մասնակից երկրների շուկայական տնտեսության զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճին եւ փոխադարձ առեւտրի եւ տնտեսական կապերի ընդլայնմանը: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար: Բանկի անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսիը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

 

ԱրմԻնֆո գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի՚ 31.12.2017թ. տվյալներով, Ամերիաբանկը շարունակում է մնալ առաջատարը հիմնական ֆինանսական ցուցանիշների գծով: Բանկի ակտիվները կազմել են 677.7 մլրդ դրամ (1,4 մլրդ դոլար, առաջին դիրք), վարկային ներդրումները `487.4 մլրդ դրամ (ավելի քան  1 մլրդ դոլար, առաջին դիրք): Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ բաժնեմասը կազմում է ավելի քան 18% կամ 84,7 մլրդ դրամ (175 մլն դոլար,  երկրորդ տեղը շուկայում): Բանկային շուկայում ՓՄՁ-ների ընդհանուր վարկավորման մեջ Ամերիաբանկի մասնաբաժինը հասնում է 13 տոկոսի: 2017 թվականը բանկն ավարտել է 7,7 մլրդ դրամ ( 16 մլն դոլար, առաջին դիրք) զուտ շահույթով` ապահովելով 24% աճ:

 

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ եւ մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Հայկական շուկայում բանկը գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցը բաղկացած է 14 ստորաբաժանումներից, որոնցից`  9 մայրաքաղաքային եւ 5 մարզային: 2015 թ. դեկտեմբերին Վերակառուցման և զարգացման  եվրոպական բանկի մուտքից հետո Ամերիաբանկի բաժնետիրական կապիտալում բաժնեմասային մասնակցությունը փոխվել է հետեւյալ կերպ. Ամերիա Գրուպ CY Ltd. - 65,8%, EBRD - 20,7% և ESPS Holding Limited - 13,5%:  Պարգևատրվել է` Euromoney-ից (2017, 2016, 2014, 2012, 2011 թվականներին), Global Finance-ից (2017, 2016, 2015, 2013, 2012 թվականներին), The Banker/FT-ից (2017, 2016, 2015, 2013, 2010 թվականներին),  Commerzbank կողմից  2008 թվականից ի վեր ամեն տարի արժանանում է "STP-Award" պարգևի: