Երկուշաբթի, 7 Մայիսի 2018 15:25
Ալեքսանդր Ավանեսով

Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարները հետաքրքրված են Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրում կատարելու հեռանկարով

Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանն  ընդունել է Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարներ  «Redco International W.L.L.» ընկերության գլխավոր  գործադիր տնօրեն  Սաիֆ-Ուր-Ռեհման Խանին  և  «PowerChina»  միջազգային խմբի նախագահ Սոն Դոնշենին:

 

Աշոտ Մանուկյանը կարևորել է գործարարների այցը Հայաստան՝ ընդգծելով, որ չինական ընկերությունների հետ արդեն իսկ առկա է արդյունավետ փոխգործակցություն։ Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է մինչև 2036թ. Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարությունը և համագործակցության զարգացման համատեքստում անդրադարձել, մասնավորապես, վերականգնվող  էներգետիկայի բնագավառում ներդրումային գրավչություն ունեցող նախագծերին։ Ընդգծելով, որ այդ նախագծերի առաջնային նպատակն արտահանման նպատակով  էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների ավելացումն է՝ Աշոտ Մանուկյանը մանրամասներ է ներկայացրել «Երևանի ՋէԿե-ի 2 էներգաբլոկի,  «Շնող», «Մեղրի»  հիդրոէլեկտրակայանների,    «Լոռի-Բերդե  ՀԷԿ-երի համալիրի կառուցման ծրագրերի վերաբերյալ։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սոն Դոնշենին Աշոտ Մանուկյանին ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը,  խոսել ընկերության առաջնահերթությունների մասին, ինչպես նաև քննարկել Հայաստանի հետ  էներգետիկայի  բնագավառում համագործակցության հնարավորությունները:

 

Նա ընդգծել է, որ աշխարհի ավելի քան 100 երկրում «PowerChina»  ընկերությունը գործունեություն է  ծավալում  նաև էներգետիկայի  ոլորտում, մասնավորապես՝  մասնագիտացած է հիդրոկայանների,  արևային և ջերմային կայանների   կառուցման գործում: Ս. Դոնշենին նշել է, որ շահագրգռված են ՀՀ էներգետիկ ոլորտում համագործակցությամբ՝ հաշվի առնելով երկրի ճկուն ներդրումային միջավայրը:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայանի վերազինման և արդիականացման արդյունքում արտադրական կարողությունների զարգացման հեռանկարների շուրջ։

 

Խոսելով տարածաշրջանային ինտեգրման շրջանակում էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվող նախագծերի մասին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ընթացքի մեջ է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, և ակնկալվում է, որ դրա շնորհիվ զգալիորեն կավելանա Հայաստանից դեպի Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը։ Աշոտ Մանուկյանը կարևորել է նաև Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցումը, որի համակցումը  Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի միջև։

 

Գործարարները շնորհակալություն  են հայտնել նախարարի պաշտոնակատարին՝ ոլորտի զարգացման առաջնահերթությունները հանգամանալի ներկայացնելու համար և համագործակցության  պատրաստակամություն հայտնել: