
Արմինֆո. Նոր կառավարությանն անհրաժեշտ է կարճաժամկետ հեռանկարում օրենսդրական փոփոխություններ կատարել՝ ստեղծելու միջավայր, որտեղ կարելի է ապահովել ազնիվ ու արդար ընտրությունների անցկացումը, մայիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նա նշել է, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակման հետ կապված հասարակության սպասումները բավական բարձր են: «Նա իշխանության է եկել արդար ճանապարհով, և որպեսզի համաժողովրդական վստահության այդ ալիքը մշտապես աջակցի նրան, Փաշինյանը պետք է արդյունքներ ապահովի»,- ասել է Մակարյանը: Այս առնչությամբ փորձագետը նշել է, որ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը ծրագիր է ուղարկել Հայաստանի վարչապետին՝ ուղղված Հայաստանի տնտեսական հիմնական խնդիրների լուծմանը: Նրա խոսքով, ծրագիրը բաղկացած է 10 էջից, որը պարունակում է առաջարկներ գյուղատնտեսության, մեքենաշինության, ՌԱՀ, շինարարության և այլնի վերաբերյալ:
«Բոլորին հայտնի է, որ Հայաստանի հողատարածքների ավելի քան 40%-ը պիտանի չէ գյուղատնտեսության համար: Մենք առաջարկում ենք կառավարությանն օտարերկրյա կամ տեղացի ներդրողներին, կառավարության կողմից հաստատված բիզնես ծրագրի շրջանակներում, անհատույց կերպով երկարաժամկետ վարձակալության հանձնել այդ հողերը՝ դրանց վերականգնման և գյուղատնտեսական նպատակներով օգտագործման համար»,- պարզաբանել է տնտեսագետը: Այն դեպքում, երբ ծախսերը չարդարացնեն գյուղատնտեսական գործունեությունը, Մակարյանի առաջարկի համաձայն, այդ հողերը կարելի է օգտագործել արևային էներգետիկայի կայաններ կառուցելու համար՝ էներգիայի լրացուցիչ աղբյուրներ ապահովելով ֆերմերային տնտեսությունների և վերամշակող ձեռնարկությունների համար: