Չորեքշաբթի, 16 Մայիսի 2018 19:19
Ալինա Հովհաննիսյան

Շվեդիան պատրաստ է Հայաստանի հետ ակտիվացնել համագործակցությունը  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում

Շվեդիան պատրաստ է Հայաստանի հետ ակտիվացնել համագործակցությունը  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր հանդիպում է ունեցել Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունըՇվեդիայի խորհրդարանի պատգամավորները շնորհավորել են Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ առաջիկա խնդիրները հաղթահարելու գործում ՝ ի նպաստ Հայաստանի ժողովրդի: 

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Փոխվարչապետ Գրիգորյանը վստահեցրել է հյուրերին, որ Հայաստանի կառավարությունն անում է և կանի ամեն հնարավորը երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու համար: Մհեր Գրիգորյանի  համոզմամբ՝ Հայաստանի նորանշանակ կառավարության հրապարակայնության բարձր մակարդակը նպաստում է նաև գործունեության արդյունավետությանը:

Խորհրդարանի փոխխոսնակը գոհունակությամբ է խոսել Հայաստանում ժողովրդավարության բարձր մակարդակի վկայություն հանդիսացող վերջին իրադարձությունների մասին՝ առանձնահատուկ շեշտելով քաղաքական բոլոր կողմերի զսպվածությունն ու պատասխանատվության բարձր զգացումը: Բյորն Սյոդերը նշել է, որ Շվեդիան պատրաստակամ է այսուհետ ևս զարգացնել հայ-շվեդական երկկողմ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: