Արմինֆո. Beeline-ը Երևանում բացել է ստարտափ ինկուբատոր։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի Beeline-ի գրասենյակի 2-րդ հարկում, որտեղ և գործելու է ինկուբատորը։
Ինչպես տեղեկացրել է Ընկերության մամուլի ծառայությունը, Beeline Ստարտափ Ինկուբատորի գլխավոր նպատակն է օգնել հայկական ստարտափներին առաջին քայլերն անել շուկայում։ Մասնավորապես նրանց տրամադրվելու է գրասենյակային տարածք, ինչպես նաև կազմակերպվելու են ուսումնական կուրսեր և վարպետության դասեր՝ ձեռնարկատիրության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։
«Beeline-ն այսօր շահագրգռված է Հայաստանում ստարտափների զարգացման համար բարենպաստ էկոհամակարգի ստեղծմամբ։ Մենք կարծում ենք, որ դրա համար առավել արդյունավետ միջոցը սեփական ստարտափ ինկուբատորն է, որտեղ մենք կկարողանանք հայկական ստարտափներին բազմակողմանի աջակցություն տրամադրել։ Այսօրվանից մեր ինկուբատորի ռեզիդենտների տրամադրության տակ կլինի քաղաքի կենտրոնում գտնվող գեղեցիկ և ժամանակակից գրասենյակից օգտվելու, ինչպես նաև տեղացի և միջազգային մասնագետների ղեկավարության տակ սովորելու և աշխատելու հնարավորություն։ Վստահ եմ, որ դա անկասկած կնպաստի երկրում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը», - նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Այսօր մեկնարկում է Beeline Ստարտափ Ինկուբատորի առաջին ինկուբացիոն ցիկլը։ Բազմաթիվ դիմորդներից ընտրվել են լավագույն 10 ստարտափները, որոնք հաջորդ 16 շաբաթվա ընթացքում ինտենսիվ աճ կունենան, և ցիկլի ավարտին կներկայացվեն պոտենցիալ ներդրողներին։ Այսօր Beeline Ստարտափ Ինկուբատորով մենք նոր էջ ենք բացում Հայաստանի նորարարական ձեռնարկատիրության գործում», - նշեց Beeline Ստարտափ Ինկուբատորի ղեկավար Գևորգ Պողոսյանը։
Այսօրվանից Beeline Ստարտափ Ինկուբատորում աշխատելու են 10 ստարտափներ, որոնք ընտրվել են ընկերության կողմից բաց մրցույթի ընթացքում։ Յուրաքանչյուր ստարտափ կկարողանա 4 ամսվա ընթացքում օգտվել ինկուբատորի ծառայություններից և փորձագետների խորհուրդներից։
Նշենք, որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: