Երկուշաբթի, 21 Մայիսի 2018 17:31
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դիտարկում է տեղական ՏՏ ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայաստանում «Davis Instruments» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հանդիացող «Լոկատոր» ՓԲԸ-ի ղեկավար կազմին՝ ընկերության ղեկավար Արման Խաչատրյանի գլխավորությամբ:

 

Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ կառավարման ներքո գտնվող GSM ցանցով աշխատող հակակարկտային կայանքների արդիականացման և տեխնիկական կատարելագործման հնարավորությունները:

 

Իր խոսքում Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ՌԴ համապատասխան կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող հրթիռային կայանների գործարկման պիլոտային ծրագրից բացի՝ հարկավոր է զարկ տալ նաև տեղական արտադրողների հետ ակտիվ համագործակցությանը և լայնորեն կիրառել նաև ժամանակակից այն տեխնոլոգիաները, որոնք առաջարկում է տեղի արտադրողը: «Արտերկրից ներմուծվող ժամանակակից սարքավորումների կիրառությանը զուգահեռ, պետք է իրացնենք նաև տեղական ներուժը՝ նախապատվությունը տալով հայրենական արտադրողին»,-նշել է ԱԻ նախարարը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ԱԻՆ-ի և տեխնոլոգիական լուծումներ առաջարկող կազմակերպությունների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նախարար Ռոստոմյանը նշեց, որ ԱԻՆ-ը բաց է համագործակցության համար, պետություն-մասնավոր համագործակցության դաշտում չպիտի լինեն մենաշնորհ դիրք ունեցող կազմակերպություններ: Որպես առաջին քայլ՝ ԱԻ նախարարը հանձնարարեց եռօրյա ժամկետում ուսումնասիրել ԱԻՆ 911 համակարգին ավելի մեծ թվով ընկերությունների համակցում ունենալու հնարավորությունը` նպաստելով հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների ծավալի մեծացմանը և ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը: