Հինգշաբթի, 31 Մայիսի 2018 17:44
Ալինա Հովհաննիսյան

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Սոֆտ կոնստրակտ» ընկերություն

Նախագահ Արմեն Սարգսյանն  այցելել է «Սոֆտ կոնստրակտ» ընկերություն

Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Սոֆտ կոնստրակտ» ընկերություն, որը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես, զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտկոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ ունի աշխարհի 14 երկրներում և ավելի քան 500 գործընկեր: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանրապետության նախագահը շրջայց է կատարել ընկերության գրասենյակում՝ ծանոթացել կատարված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, առաջարկվող ծառայություններին և ընկերության զարգացման ծրագրերին, զրուցել է աշխատակիցների հետ: Ընկերության ղեկավարները նախագահ Սարգսյանին ներկայացվել են նաև ծրագրավորման գրասենյակների ընդլայնման համար հիմնանորոգվող նոր մասնաշենքի հնարավորություններն ու զարգացման նախատեսվող ծրագրերը: Այցի ընթացքում հանրապետության ղեկավարը ծանոթացել է «Սոֆտկոնստրակտ»-ի երևանյան գրասենյակի հիմնադիրներ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գործունեության այլ ուղղություններին ևս: Նշվել է, որ խմբի մեջ մտնող ընկերությունները ներկայումս ունեն 3000 աշխատակից և 2018 թվականին նախատեսում են այդ թիվն ավելացնել ևս 300-ով: 

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի ՏՏ հատվածը 2017 թվականի արդյունքներով հասել է 13,6% աճի` ապահովելով 269.1 մլրդ դրամ  (557.5 մլն դոլար) տարեկան շահույթ: Վիճակագրական տվյալների համաձայն, ՏՏ հատվածի հասույթի ընդհանուր ծավալի 80,1%-ը բաժին է ընկնում ծառայությունների տրամադրմանը: Հաշվի առնելով 2017 թվականի արդյունքներով ՀՆԱ  ծավալը` ՏՏ հատվածի բաժինը կազմել է շուրջ 5%: