Ուրբաթ, 1 Հունիսի 2018 17:08
Ալինա Հովհաննիսյան

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ջերմատնային ասոցիացիայի ներկայացուցիչներին. շուտով կմեկնարկի լիզինգի նոր ծրագիր

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ջերմատնային ասոցիացիայի ներկայացուցիչներին. շուտով կմեկնարկի լիզինգի նոր ծրագիր

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախօրեին ընդունել է «Ջերմատնային ասոցիացիաե գյուղատնտեսական ՀԿ-ի նախագահ Արտավազդ Խաչատրյանին, տնօրեն Պողոս Գևորգյանին, Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների  ճյուղային հանրապետական միության փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանին։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպումը նպատակ ուներ լսել փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների կողմից բարձրացվող  հարցերը և քննարկել  նրանց մրցունակության բարձրացմանն ու զարգացմանն ուղղված  առաջարկները։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության  նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը,  այլ պատասխանատուներ։

 Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է ներկաներին, որ մշակվել է լիզինգի նոր ծրագիր, որի շրջանակում շահառուները շուտով հնարավորություն կունենան նաև ջերմոցներ հիմնել և  ժամանակակից սարքավորումներ ներդնել մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4 %  լիզինգային տոկոսադրույքով։ Ծրագիրը նախատեսվում է  մեկնարկել կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո՝  հունիս-հուլիս ամիսներին։

Հանդիպման մասնակիցները մասնավորապես առաջ են քաշել բնական գազի դիմաց  տարաժամկետ վճարման,  լեռնային և նախալեռնային շրջաններում՝ պայմանավորված ջեռուցման առավել երկար ժամանակահատվածով  իջեցված սակագնի վճարման  ժամկետի երկարաձգման և այլ հարցեր։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը հորդորել է մշակել առաջարկների փաթեթ և ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցություն ցուցաբերել։