Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Վարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների բնականոն զարգացումը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի: «Մենք առավելագույն ջանքեր կգործադրենք երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին՝ փոխադարձ շահերի հիման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այդ համատեքստում, դեսպան Սաջադին ընդգծել է երկկողմ փոխգործակցության ուղղությամբ առկա մեծ ներուժի իրացման անհրաժեշտությունը և նշել, որ կան բոլոր նախադրյալները տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման համար: Դեսպանի խոսքով՝ դրան կարող են էապես նպաստել նաև Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեությունը, Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի առկայությունը:
Զրուցակիցները քննարկել են Մեղրի և Արաս ազատ տնտեսական գոտիների համագործակցության ընդլայնմանը, էներգետիկայի, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և պարոն Սաջադին ընդգծել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը և այդ առումով կարևորել ենթակառուցվածքների բարելավումն ու երկկողմ կանոնավոր չվերթերի իրականացումը: Կողմերն անդրադարձ են կատարել նաև հայ-իրանական համատեղ ներդրումային ծրագրերի ընթացքին:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |