Երկուշաբթի, 11 Հունիսի 2018 13:32
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի կառավարությունն ավելի մեծ ուշադրություն կդարձնի ոչ մեծ ֆերմերային տնտեսություններին

Հայաստանի կառավարությունն ավելի մեծ ուշադրություն կդարձնի ոչ մեծ ֆերմերային տնտեսություններին

Արմինֆո. Ասիական զարգացման բանկի վարկային պորտֆելում սուվերեն վարկերին զուգահեռ մեծանում են նաեւ մասնավոր հատվածին տրամադրվող վարկերի ծավալը։ Այդ մասին հայտարարել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը` ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին ներկայացնելով Հայաստանում ԱԶԲ –ի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության  նախարարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,  նախարարն իր գոհունակություն է հայտնել, որ  ԱԶԲ-ն հետաքրքրություն է դրսեւորում գյուղատնտեսության եւ գյուղմթերքի վերամշակման ոլորտներում։  Ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկա առաջնահերթությունները եւ պետական աջակցությամբ իրականացվող նոր ծրագրերը` նախարար Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության թիրախում ներկայումս երկրում մեծամասնություն կազմող փոքր գյուղացիական տնտեսություններն են, եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջիկա քաղաքականությունն ուղղված է լինելու փոքր ֆերմերներին աջակցությանը: Գյուղատնտեսության հետագա զարգացման համար նախարար Արթուր Խաչատրյանը կարեւորել է նաեւ գյուղացիական տնտեսությունների միավորումը եւ կոոպերացիայի խթանումը:

 

Առանձին անդրադարձ է կատարվել ոռոգման ժամանակակից համակարգերի եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը, գյուղմթերքի ամբողջական արժեշղթայի ձեւավորմանը եւ շուկայահանմանը, գյուղատնտեսական ապահովագրությանը, կենդանիների հաշվառմանը եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: