Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեիկո Նակաոյի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ փոխգործակցությունն ու ընդգծել, որ բանկի օժանդակությամբ մեր երկրի տնտեսության մեջ կյանքի են կոչվել բազմաթիվ խոշոր ծրագրեր, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱԶԲ-ի հետ համագործակցության շարունակական զարգացմամբ և վերջինիս կողմից հայաստանյան մասնավոր հատվածի ֆինանսավորման ծավալների ընդլայնմամբ:
Տակեիկո Նակաոն իր հերթին նշել է, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցություն է ձևավորվել մի շարք ոլորտներում և հավելել, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է շարունակել և ընդլայնել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին: Պարոն Նակաոն հավելել է նաև, որ ԱԶԲ-ն պատրաստվում է ընդլայնել Հայաստանի մասնավոր հատվածի համար ֆինանսական միջոցների ծավալները:
Զրուցակիցները կարևորել են համագործակցությունը ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանը և ԱԶԲ նախագահն անդրադարձել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի ընթացքին:
Ավելի վաղ ԱԶԲ Երևանի գրասնյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը հաղորդել էր, որ Հայաստանի մասնավոր հատվածի ֆինանսավորման ԱԶԲ վարկային պորտֆելը 2017 թվականին կազմել է 140 մլն դոլար: Նրա ասելով, դա մասնավոր հատվածում ներդրումների բավականին բարձր ցուցանիշ է, քանի որ Հայաստանում բանկի գործունեության նախորդ 12 տարիների ընթացքում ներդրումները մասնավոր հատվածում կազմել են 136 մլն դոլար: «Մասնավոր հատվածի ներդրումները ցույց են տալիս, որ կա ապագայի նկատմամբ վստահություն: Ներկայում մենք որոշակի ցուցանիշ չունենք` թե որքան ներդրումներ են կատարելու Հայաստանում 2018 թվականին, սակայն արդեն որոշակի նախնական պայմանավորվածություններ կան կառավարության հետ», - ասել էր Ռոզենտալը: Նա նշել էր, որ 2018 թվականին ԱԶԲ-ն կշարունակի ֆինանսավորել տարբեր նախագծեր ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածներում: 2018 թվականին մասնավոր հատվածի խոշոր նախագծերից նա նշել էր «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ֆինանսավորումը շարունակելու ԱԶԲ պատրաստակամությունը, որտեղ արդեն իրականացնում է 80 մլն եվրոյի ծրագիր` ցանցի արդիականացման նպատակով: ԱԶԲ-ն Հայաստանի կառավարության հետ համագործակցում է 2005 թվականից: Անցյալ տարվա նոյեմբերի դրությամբ բանկը հաստատել է 1.27 մլրդ դոլարի 26 վարկ և 16.5 մլն դոլարի 26 տեխնիկական դրամաշնորհ: