Ուրբաթ, 15 Հունիսի 2018 17:24

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Հայաստանում ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Հայաստանում ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

Արմինֆո. Հունիսի 15-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի հետ։

 

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը, դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն, ՀՀ ՏԶՆ նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը ու Ալբերտ Բաբայանը, այլ պատասխանատու անձինք։

 

Նախարար Մինասյանը ողջունել է դեսպանին, նշել չափազանց կարևոր շրջափուլում համատեղ աշխատելու կարևորությունը և հակիրճ ներկայացրել ամերիկյան կողմի հետ փոխգործակցության ընթացքը։

 

«Մեր բարեկամությունը Ձեզ հետ և Ձեր աջակցությանը մեր նախարարությանը չափազանց կարևորում ենք» - իր խոսքում նշել է Արծվիկ Մինասյանը։

 

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը շնորհակալություն է հայտնել հանդիպման և աշխատանքների ներկայացման համար՝ շնորհավորելով նախարարին․ «Շնորհավորանքներս Ձեր նշանակման կապակցությամբ: Պատրաստ եմ Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ներքո աշխատել Ձեզ հետ՝ խթանելու առևտուրն ու ներդրումները մեր երկու երկրների միջև: Սա մեր երկկողմ հարաբերությունների թիվ մեկ գերակայությունն է» - նշել է դեսպանը։

 

Հանդիպմանն անդրադարձ է եղել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին, հակակոռուպցիոն, հակամենաշնորհային քաղաքականությանը, ներդրումային միջավայրին և այս ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։

 

Նախատեսվող բարեփոխումների առնչությամբ դեսպանն իր գոհունակությունն է հայտնել, նշելով, որ ամերիկյան ներդրողները հետաքրքրված են Հայաստանով։

 

Մտքեր են փոխանակվել նաև էներգետիկայի, զբոսաշրջության, խորհրդատվությունների իրականացման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության և համատեղ աշխատանքի ընդլայնմանը միտված պատրաստակամությունը։