Երկուշաբթի, 18 Հունիսի 2018 21:28

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KFW) Միջին Ասիայի ու Հարավային Կովկասի տարածաշրջանի համակարգող Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը: 

 

Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է բանկի հետ համագործակցության ակտիվացումն ու զարգացումը՝ ընդգծելով վերջինիս կարևոր դերակատությունը մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերում: Նիկոլ Փաշինյանը շեշտել է համատեղ վարկային ծրագրերի արդյունավետության բարձրացման և ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Գործադիրի ղեկավարը հյուրերին ներկայացրել է կառավարության գործունեության առաջնահերթությունները, նախաձեռնած բարեփոխումները, մասնավորապես` բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը:

 

Ընդգծելով, որ Հայաստանի հետ գործընկերությունը նպաստում է հայ-գերմանական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը՝ Օլաֆ Զիմելկան հավելել է, որ Գերմանական զարգացման բանկը պատրաստ է նպաստել փոխգործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը:

 

Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում ընթացիկ, ինչպես նաև ապագա ծրագրերին վերաբերող հարցեր: