Հինգշաբթի, 21 Հունիսի 2018 15:37
Նաիրա Բադալյան

Արծվիկ Մինասյանը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի տնտեսական աճի հարցում

Արծվիկ Մինասյանը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի տնտեսական աճի հարցում

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը լավատեսորեն է տրամադրված հանրապետության տնտեսական աճի հարցում: Այս մասին հունիսի 21-ին հայտարարել է նախարարը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

 

Նրա խոսքերով, նախարարությունը ներկայումս չի վերանայել ՀՆԱ-ի բյուջեով նախատեսված 4.5% տարեկան աճի ակնկալիքները: Ընդհակառակը, գործարար միջավայրի բարելավման արդյունքների հիման վրա նախարարությունը կանխատեսում է դրանց աճի ցուցանիշների դրական փոփոխություններ: Միևնույն ժամանակ, նախարարը հրաժարվել է աճի կոնկրետ թվեր տալուց:

 

Այս ակնկալիքները, Մինասյանի խոսքերով, պայմանավորված են նաև Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու ներդրողների պատրաստակամությամբ: Կրկին անգամ, առանց նշելու անուններ և ակնկալվող ներդրումների հստակ ծավալներ. նա նշել է, որ ներդրումներ կկատարվեն ինչպես արդյունաբերության, այնպես էլ զբոսաշրջության և բարձր վարձատրվող ծառայությունների ոլորտներում: «Խոսքը գնում է բավական մեծ ծավալների մասին», - նշել է նա:

 

Ըստ նախարարի, Հայաստանում ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին  հայտարարվել է գրեթե բոլոր զարգացած երկրների ներդրողների կողմից: Իսկ նրանք, ովքեր արդեն կոնկրետ ներդրումային ծրագրերով հանդես են եկել, ըստ նրա, եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների ներկայացուցիչներ են:

 

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվար-մայիսին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 8,6% տարեկան: Իսկ 2018-ի մայիսին, 2017-ի մայիսի համեմատ` 5,4% -ով, իսկ միայն մայիսին`10,4%: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2018 թվականի հունվար-մայիսին հիմնականում խթանել են`սպասարկման ոլորտը - 17,5%, շինարարությունը - 17.4%, առևտուրը - 10,2%, արդյունաբերական հատվածը – 3.3% և գյուղատնտեսությունը – 1.5%:

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել էր, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում 2017 թվականին ներդրումների զուտ ներհոսքը կազմել է $ 404.2 մլն, 2016 թվականի $ 1 մլրդ-ի համեմատ: Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2017 թվականին կազմել են 245.7 մլն դոլար (27.3% անկում): Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալներով, Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալը 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 13.98 միլիարդ դոլար, որից 7.636 միլիարդ դոլար - ՕՈՒՆ: Առաջատարներն են` Ռուսաստանը - $ 5,083 մլրդ, Գերմանիան - $ 1,505 մլրդ, Կիպրոսը - $ 1,056 մլրդ-ի և Ֆրանսիան - $ 1.055 մլրդ: