Ուրբաթ, 22 Հունիսի 2018 11:44
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետ. «Կոնդի առանձնատների տնտեսության» տարածքում առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը կվճարվի

ՀՀ վարչապետ. «Կոնդի առանձնատների տնտեսության» տարածքում առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը կվճարվի

Արմինֆո.Անհրաժեշտ է հետևողական քայլեր իրականացնել ջրի կորուստների ծավալները նվազեցնելու ուղղությամբ, ինչը կնպաստի նաև սակագնային արդյունավետ քաղաքականությանը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նախօրեին «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիի հետ հանդիպմանը:

 

Վարչապետը կարևորել է «Վեոլիա» ընկերության գործունեությունը մեր երկրում և հույս հայտնել, որ ՀՀ կառավարության և ընկերության միջև կձևավորվի սերտ համագործակցություն՝ ջրային արդյունավետ քաղաքականություն իրականացնելու  ուղղությամբ:

 

Մալիկա Գենդուրին վստահություն է հայտնել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ՀՀ նոր կառավարության հետ կծավալվի փոխշահավետ համագործակցություն, ինչը կնպաստի «Վեոլիա ջուր» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը, ստանձնած պարտավորությունների կյանքի կոչմանը: «Վեոլիա»-ի փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ կառավարության հետ համատեղ կկարողանան գտնել բոլոր խնդիրների լուծումները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի և հավելել, որ արդեն իսկ հանձնարարել է, որպեսզի այն վճարվի: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որպեսզի ընկերությունը հետևողական լինի բոլոր նման դեպքերում և բարձրացնի գործունեության արդյունավետությունը՝ ուշադրության տակ պահելով ոչ միայն անապահով և խոցելի խավերին, այլ հատկապես՝ վճարունակ, բայց անպարտաճանաչ սպառողներին: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի «Վեոլիա ջուր»-ն ավելի շատ ներդրումներ իրականացնի և իր համար ապահովի ավելի մեծ եկամուտներ: Վստահեցնում եմ, որ մեր կառավարության գործունեության ընթացքում չեք բախվի վարչապետի շահերին, այլ կբախվեք միայն քաղաքացիների շահերի պաշտպանությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ֆրանսիական ընկերությանն առաջարկել ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի բոլոր խնդիրներն ու կներկայացնի դրանց լուծման հստակ առաջարկություններ: 

 

Ավելի վաղ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, «Վեոլիա ջուր՚ ընկերության հետ բանակցություններ են սկսվել երկրի սոցիալապես անապահով շերտերի համար խմելու ջրի սակագինը նվազեցնելու հնարավորության շուրջ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ 2018 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի սակագինը 1 խմ դիմաց 180 դրամից բարձրացվել է մինչև 191,4 դրամ:

 

2016 թվականի նոյեմբերի 21-ին հրապարակված հայտամրցույթի արդյունքների համաձայն, ֆրանսիական «Վեոլիա՚ ընկերությունը դարձել է խմելու ջրի մատակարարման համակարգի միասնական օպերատոր` 15 տարի ժամկետով: