Ուրբաթ, 22 Հունիսի 2018 11:48
Նաիրա Բադալյան

Պետր Միկիսկա. Չեխական ընկերությունները շահագրգռված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրագործմամբ

Պետր Միկիսկա. Չեխական ընկերությունները շահագրգռված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրագործմամբ

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:Կարևորելով հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացումը՝ վարչապետը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության մակարդակից:

 

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ակտիվացնել և ընդլայնել հայ-չեխական կապերը տնտեսության ոլորտում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  գործադիրի ղեկավարը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հայկական շուկա չեխական կապիտալի ներգրավմամբ և հավելել, որ գործադիրը հետևողականորեն գնում է իրական փոփոխությունների, որոնք կերաշխավորեն ներդրումների պաշտպանվածությունը:

 

Պետր Միկիսկան ողջունել է ՀՀ նոր իշխանությունների կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները և ընդգծել, որ Չեխիան պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ՀՀ կառավարությանն իր առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում: Դեսպանը տեղեկացրել է, որ չեխական տարբեր ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ կոնկրետ ոլորտներում: 

 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել չեխական կողմին ՀՀ կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար ու անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: