Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բարձր գնահատելով Ճապոնիայի կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ` նախարար Արթուր Խաչատրյանը հույս է հայտնել, որ հայ-ճապոնական համագործակցությունը կշարունակվի և կընդլայնվի: Նշելով, որ Հայաստանի համար հետաքրքրական և օգտակար կարող է լինել ճապոնական փորձը գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում` նախարարը միաժամանակ ընդգծել է, որ հայկական կողմը բաց է փոխգործակցության յուրաքանչյուր առաջարկի համար:
Այնուհետև նախարարը հյուրերին ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը, առաջնահերթություններն ու ընթացիկ ծրագրերը: Մասնավորապես, նշվել է, որ ներկայումս պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են փոքր գյուղացիական տնտեսությունները, որոնք ապահովում են գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը:
Գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման համար նախարարը կարևորել է նաև չմշակվող գյուղատնտեսական հողատարածքները շրջանառության մեջ ընդգրկումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, գյուղտեխնիկայի պարկի վերազինումը, ֆերմերների միավորումն ու կոոպերատիվների ստեղծումը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության խթանումը:
Ոլորտի զարգացման կարևորագույն բաղադրիչների թվում նախարար Արթուր Խաչատրյանը մատնանշել է նաև բարձրարժեք գյուղմթերքի արտադրության կազմակերպումն ու արտահանման դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը: Նախարարը կարևոր է համարել նաև ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավումը:
Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան իր հերթին մի շարք առաջարկներ ներկայացրեց Հայաստանում գյուղատնտեսությնա ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ: Մասնավորապես, առաջարկ հնչեց ուսումնասիրել «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» ծրագրի իրականացման հնարավորությունը, որը Ճապոնիայում բարեհաջող ընթացք է ունեցել:
Հանդիպման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքներին, որոնց շրջանակում տրամադրվել է անհատույց դրամաշնորհ տեխնիկական միջոցների, սարքավորումների և ծառայությունների ձեռքբերման համար: Քննարկվել է նաև հայկական գյուղմթերքի, մասնավորապես վերամշակված արտադրանքի արտահանման հնարավորությունը դեպի ճապոնական շուկա:
Հավելենք, որ «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» նախագիծը ռազմավարական շարժում է, որը հատուկ մշակվել և նախաձեռնվել է Ճապոնիայում և նպաստել է երկրի տարածաշրջանների հաջող զարգացմանը: Այդ մոտեցման եզակիությունն այն է, որ բացառապես տեղական ռեսուրսների հիման վրա արտադրության կազմակերպման և հետագայում տեղական և համաշխարհային շուկաներում արտադրանքի առաջ մղման ճանապարհով հնարավոր է հասնել տարածաշրջանների տնտեսական զարգացման:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ Ճապոնիայի կառավարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանին 1,8 մլն դոլարի վարկ է տրամադրել գյուղատնտեսության ոլորտում դիտարկում անցկացնելու և տվյալներ հավաքելու համար: