Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աննախադեպ ցածր տոկոսադրույքներ է խոստանում երիտասարդ ընտանիքների հիփոթեքի գծով: Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է հունիսի 25-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Ինչպես ասել է վարչապետը, վերջին ամսում Կենտրոնական բանկի հետ այս հարցի շուրջ կատարվում են աշխատանքներ, և արդեն կան լավ նորություններ: «Վաղը (հունիսի 26-ին, խմբ.) տեղի կունենա խորհրդակցություն, որի հիման վրա մենք կհասկանանք, թե որքանով կարելի է այդ նորությունը համարել լավը», - ասել է նա:
Ըստ Փաշինյանի, մոտ ապագայում ծրագիրը նոր խթան կստանա: Զուգահեռաբար կմշակվեն զինծառայողների համար բնակարանային ծրագրերը: «Մենք կունենանք հիփոթեքային վարկերի աննախադեպ ցածր տոկոսադրույքներ: Լիովին հավանական է, որ «բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով տոկոսադրույքները կկազմեն 7-7.5%», - ասել է վարչապետը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ սպասվում է, որ բնակարանների համար տրամադրված վարկերի ծավալը տարեկան կտրվածքով կավելանա: Զինվորականների պարագայում տոկոսներ կարող է և չլինեն, ասել է նա:
Հարցին, թե որքանով է իրատեսական, որ մեկ երեխա և միջին եկամուտ ունեցող ընտանիքը կկարողանան ձեռք բերել բնակարան, Փաշինյանն ասել է, որ, ըստ Կենտրոնական բանկի փորձագետների հաշվարկների, 20 մլն.դրամ արժողությամբ բնակարան գնելու համար ամեն ամիս պետք է վճարվի 100 հազար դրամ: Այս համատեքստում վարչապետը նշել է, որ եթե ընտանիքից երկու հոգի ստանում է 400-500 հազար դրամ, ապա դրա համար ստեղծվում է որոշակի հնարավորություն:
Սա, նրա խոսքերով, միայն սկիզբն է: Հնարավորության դեպքում հետագայում տոկոսները կարող են կրճատվել, ինչպես նաև առաջին վճարը: Զինվորականների համար կանխավճարը կկազմի 10%, իսկ երիտասարդ ընտանիքների համար 30%-ից կնվազի մինչև 20%:
Բացի այդ, ներկայիս կառավարությունը նպատակ է դրել ապակենտրոնացնել ոլորտի զարգացումը, որպեսզի շինարարությունն իրականացվի ոչ միայն Երևանում, այլև մարզերում: «Կա նաև շահութահարկի վերադարձի հնարավորությունը, այսինքն, վարկը կարող մարվել շահութահարկի հաշվին: Այսպիսով պետությունը մասնակցում է վարկի մարմանը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, (02.20.2018 դրությամբ), բանկային հիփոթեքային վարկավորման ծավալը 1,5% անկումից հետո արձանագրել է 14.4% աճ, մինչև 215.2 մլրդ դրամ կամ $ 444,5 մլն, ինչն ուղեկցվել է հիփոթեքային տոկոսադրույքների նվազումով, քանի որ 2017-ին դրանք միջին հաշվով նվազել են`12.2% -ից մինչև 10.6%: Միևնույն ժամանակ, նախորդ տարվա ընթացքում բնակարանների միջին շուկայական արժեքը նվազել է 2.8% (2016 թվականի աճը`0.6%): Բոլոր Հայկական 17 բանկերը գործում են հիփոթեքային շուկայում, որոնցից 10-ը տրամադրում է նաև էներգաարդյունավետ «կանաչ» վարկեր`բնակարանի գնման/վերանորոգման նպատակով: Դրանք են`Արդշինբանկ, Կոնվերս Բանկ, Արարատբանկ, Հայբիզնեսբանկ, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ, Ինեկոբանկ, Արմսվիսբանկ, Անելիք Բանկ, Հայէկոնոմբանկ և Յունիբանկ: Այդ վարկերի վերաֆինանսավորումն իրականացվում է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից, «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում: Էներգաարդյունավետ հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքը տատանվում է 11-13% -ի միջև, իսկ մարման ժամկետը կազմում է 10-20 տարի: Մարզերում հիփոթեքային վարկավորման խթանման նպատակով տոկոսադրույքները նվազել են 1 տոկոսային կետով: Բացի այդ, մարզերի բնակիչների համար նախատեսված են մարման և գրավի առարկայի հետ կապված որոշ արտոնություններ: