Ուրբաթ, 29 Հունիսի 2018 15:43
Նաիրա Բադալյան

Փաշինյան. Կառավարությունն ունի քաղաքական կամք՝ քննարկելու ՓՄՁ ոլորտի խնդիրներն ու գտնելու դրանց լուծման տարբերակները

Փաշինյան. Կառավարությունն ունի քաղաքական կամք՝ քննարկելու ՓՄՁ ոլորտի խնդիրներն ու գտնելու դրանց լուծման տարբերակները

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոքր և միջին ձեռնարակատիրության զարգացմանը վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու ՓՄՁ-ների շահերը ներկայացնող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

Վարչապետը նշել է, որ պետք է քարտեզագրել փոքր և միջին ձեռնարկատիրության խնդիրներն ու կառավարության անելիքները՝ ոլորտին աջակցելու առումով: «Կառավարության համար սա չափազանց կարևոր ուղղություն է` նաև այն պատճառով, որ փոքր և միջին բիզնեսն ավելի մոբիլ է և այստեղ կառավարության գործունեության պոզիտիվ արդյունքներն ավելի արագ նկատելի կդառնան: Այս ոլորտի հետ առնչվում է գործարարների, ձեռներեցների շատ լայն շրջանակ: Մենք պետք է նաև ապահովենք մշտական հաղորդակցություն, կարողանանք հաղորդակցության հուսալի համակարգ ներդնել և համոզված լինել, որ այն, ինչ անում է կառավարությունը, անում է նաև փոքր և միջին ձեռներեցների մասնակցությունն ապահովելով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ են կատարվել ՓՄՁ ոլորտում առկա խնդիրներին, ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվող պետական աջակցության կառույցների գործառույթներին, ՓՄՁ-ների աջակցության գործիքակազմին, հարկային վարչարարությանը վերաբերող մի շարք հարցերի, որոնց առնչությամբ ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Մասնավորապես, ներկաները կարևորել են Հարկային օրենսգրքում բարեփոխումների իրականացումը:

 

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն ունի քաղաքական կամք՝ քննարկելու ոլորտի խնդիրներն ու գտնելու դրանց լուծման տարբերակները: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել Հարկային օրենսգրքի բարեփոխումների իրականացման ուղղությամբ քննարկումներին նաև ՓՄՁ-ների նեկայացուցիչների ներգրավումը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հարթակում ՓՄՁ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորել ՓՄՁ զարգացման խորհուրդ, որը կառուցողական մթնոլորտում պարբերաբար կքննարկի ոլորտում առկա խնդիրները, վարչապետին կներկայացնի դրանց լուծման հնարավորություններն ու հանդես կգա կոնկրետ առաջարկություններով:

 

Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստանի ՓՄՁ շրջանառությունն ավելացել է 14,2%-ով` մինչև 1920.3 մլրդ դրամ կամ ՀՆԱ 34,4%: Այդ մասին ասվում է ՎԶԵԲ կողմից ֆինանսավորվող Բիզնեսի աջակցության գրասենյակի «ՓՄՁ դերը Հայաստանի տնտեսությունում՚ տարեկան հետազոտությունում: Աղբյուրի համաձայն, ակտիվ հարկատուների կառուցվածքում ՓՄՁ բաժինը կազմում է 77% կամ 82 209 ընկերություն: Ընդ որում, հարկատուների ընդհանուր ցուցակում ակտիվների բաժինը հասել է 59,2% կամ 106 596 ընկերություն, ինչը թվային արտահայտությամբ 5 593-ով ավելի է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Հայաստանում ՓՄՁ-ն ապահովել են 246 702 աշխատատեղ, ինչը 8 391-ով ավելի է` քան մեկ տարի առաջ: Այլ կերպ ասած` աշխատատեղերի ընդհանուր թվում (չհաշված պետական մարմինները) ՓՄՁ բաժինը կազմել է 30,3%: ՓՄՁ սուբյեկտների գործունեության հիմնական ոլորտը մանրածախ և մեծածախ առևտուրն է (57%), միևնույն ժամանակ, ծառայությունների ոլորտում ՓՄՁ զբաղվածության բաժինն ավելացել է` 17%-ից մինչև 21%: