Երեքշաբթի, 3 Հուլիսի 2018 14:31
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան. Հայաստանում Swissquote Bank-ի գործունեությունը կմեծացնի շվեյցարացի ներդրողների հետաքրքրությունը հայկական շուկայի նկատմամբ

ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան. Հայաստանում Swissquote Bank-ի գործունեությունը կմեծացնի շվեյցարացի ներդրողների հետաքրքրությունը հայկական շուկայի նկատմամբ

Արմինֆո. «Հայաստանում Swissquote Bank-ի գործունեության մեկնարկի լուրը արագ կտարածվի Շվեյցարիայում, և, կարծում եմ, կմեծացնի շվեյցարացի ներդրողների հետաքրքրությունը հայկական շուկայի նկատմամբ, ինչը ձնագնդի էֆեկտ կունենա՚, - հուլիսի 2-ին լրագրողներին ասել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը:

 

Նա ընդգծել է, որ դա կբարելավի հայ գործընկերների հետ առանց այդ էլ ջերմ հարաբերությունները: «Հայաստանը բարենպաստ երկիր է ֆինանսական ծառայությունների ոլորտի համար, և վերջին ժամանակները մենք բազմաթիվ ներդրումներ ենք կատարել ՀՀ տնտեսությունում, և գոհ ենք գործընթացից՚, - նշել է դեսպանը:  Ավելին, Հայաստանում շվեյցարացի ձեռներեցների ներդրումային գործունեությունը, Լ.Գասերի ասելով, զարգանում է ոչ միայն ֆինանսական ոլորտում, այլև դեղագործությունում, ժամացույցների արտադրությունում և այլ ոլորտներում: «Հայկական շուկայում Swissquote Bank-ի հայտնվելն էլ ավելի կխորացնի մեր համագործակցությունը՚, - եզրափակել է նա:

 

Հավելենք, որ FTH (Financial trading house) ընկերությունը դարձել է շվեյցարական խոշորագույն առցանց բանկերից մեկի` Swissquote Bank-ի  պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում. այն սպասարկում է շուրրջ 300 հազար հաճախորդի ողջ աշխարհում:  1999 թվականին հիմնադրված FTH-ն առաջատար ընկերություններից մեկն է համաշխարհնային ֆինանսական շուկայում: 2015 թվականից ընկերությունը միջնորդական ծառայություններ է տրամադրում շվեյցարական Swissquote Bank-ին:

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրաշրջանառությունը 2017 թվականին կազմել է 366.8 մլն դոլար` տարեկան 3 անգամ աճով: Մասնավորապես, արտահանումն ավելացել է 3,6 անգամ, մինչև 269.4 մլն դոլար` ներմուծման 2,1 անգամ, մինչև 97.4 մլն դոլար աճի պայմաններում: