Ուրբաթ, 6 Հուլիսի 2018 17:00
Նաիրա Բադալյան

ՀՀ տնտեսական զարգացման նախարարությունը և ՀԲ ներկայացուցիչները քննարկել են ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների մատչելիության ապահովման հարցեր

ՀՀ տնտեսական զարգացման նախարարությունը և ՀԲ ներկայացուցիչները քննարկել են ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների մատչելիության ապահովման հարցեր

Արմինֆո.ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի ֆինանսական հատվածի գնահատման ծրագրի առաքելության հետ՝ պատվիրակության ղեկավար Իսֆանդյար Զաման Խանի գլխավորությամբ։

 

Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, պատվիրակության կազմում ընդգրկված են մասնագետներ Ֆիոնա Էլիզաբեթ Սթյուարթը, Տանյա Կոնիդարիսը, Անժելա Պրիգոժինան։ Հանդիպմանը մասնակցել են ՏԶՆ նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանն ու Ավագ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք։

 

Հանդիպմանը քննարկվել են ՓՄՁ-ների ֆինանսական հասանելիությանն առնչվող հարցեր, անդրադարձ է եղել կառավարության կողմից իրականացվող ֆինանսական հասանելիության և ներառականության ապահովման գործընթացին։ ՀԲԽ ներկայացուցիչները հայտնել են այն աշխատանքների մասին, որոնք ներկայում իրականացնում են Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համատեղ։ Մասնավորապես, ներկայում 17 հոգանոց աշխատանքային խումբը ֆինանսական առողջության գնահատում է կատարում Հայաստանում։

 

Նախարարը ներկայացրել է ներդրումային ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը։

Կողմերը խոսել են նաև հարկային օրենսդրության, ֆինանսական և բանկային համակարգի,կապիտալի շուկայի զարգացման, կիբերանվտագությանն առնչվող և մի շարք այլ հարցերի մասին։