
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գրասենյակի ֆինանսների, առևտրի և հանրային կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Պետեր Մարոյին:
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը կողմերը քննարկել են ԱԶԲ-ի կողմից առաջարկվող բնական աղետներից ապահովագրության վարկային ծրագիրը Հայաստանում ներդնելու հնարավորությունը: Ծրագիրն իր մեջ ներառում է մի շարք բաղադրիչներ` ներառյալ բնական աղետների կանխարգելման քաղաքականության մշակումը, ենթակառուցվածքների բարելավումը, ռիսկերի կառավարումը:
Փոխնախարար Դ. Գևորգյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բնական աղետների կանխարգելմանն ուղղված նոր քաղաքականության մշակման և այս ոլորտում ապահովագրության առաջավոր փորձի ներդրմամբ:
Իր հերթին ԱԶԲ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ հանդիպումը սկիզբ կդառնա այս ոլորտում հետագա փոխգործակցության ձևավորման համար: