Արմինֆո. Հայաստանը կարող է կամուրջ կամ անգամ դուռ դառնալ դեպի հսկայական եվրասիական տարածք, որտեղ ապրում է ավելի քան 170 մլն մարդ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հաջողվել է արդյոք ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել հանրապետություն ներդրումներ ներգրավելու շուրջ:
Սարգսյանը հիշեցրել է, որ նախագահի դերը խորհրդարանական հանրապետությունում պետության գլխի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում: Նրա խոսքով, ի սկզբանե հասկանալի էր, որ եթե ինքը զբաղեցնի այդ պաշտոնը, պետք է օգտագործի գիտության, քաղաքականության ոլորտների իմ կապերը՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու համար:
Նա փաստել է, որ ներկայումս Հայաստանի ընդհանուր մթնոլորտը դրական է. «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում կատարվող փոփոխությունները շատերի կողմից դրական են ընկալվում:
«Դեպի լավը փոփոխությունների մեծ սպասումներ կան, եւ կարեւոր է, որ դրանք իրական արդյունքների վերածվեն տնտեսության, բիզնեսի մեջ: Իմ տեսլականը հետեւյալն է. մենք այսօր ունենք հսկայական առավելություն, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք: Եվ երբ ասում եմ ՝ ներդրումներ կատարեք Հայաստանում, դա չի նշանակում, որ կոչ եմ անում ներդրում կատարել 3,5 մլն բնակչությամբ երկրում: Հայաստանը կարող է կամուրջ կամ անգամ դուռ դառնալ դեպի հսկայական եվրասիական տարածք, որտեղ ապրում է ավելի քան 170 մլն մարդ:
Մեր օրերում, երբ նշանակալի են ոչ այնքան բնական ռեսուրսները, որքան նոր տեխնոլոգիաներն ու մշակումները, Հայաստանը կարող է շեշտը դնել դրա վրա: Մեզանում հիմա տեխնոլոգիաները շատ լավ են զարգանում, եւ այդ ոլորտի շատ համաշխարհային ընկերություններ արդեն աշխատում են մեզ մոտ: Հայաստանը կարող է տեխնոլոգիական կամուրջ դառնալ պայմանական Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ, ստեղծել իր նոր տեխնոլոգիաները, որոնք կունենան միջազգային որակ, եւ դրանք տարածել եվրասիական շուկայում:
Վերջերս Ֆրանսիայում էի, հասցրեցի հանդիպել ֆրանսիական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, օրինակ, Dassault SystՌmes, Orange, THALES: Հանդիպումներ եղան ոչ միայն բարձրտեխնոլոգիական ընկերությունների հետ. հանդիպեցի նաեւ Chanel-ի սեփականատիրոջը: Հայաստանում ոսկերչական գործի ավանդույթներն ամուր են, եւ վատ չէր լինի միավորել մեր ավանդույթներն ու համաշխարհային տեխնոլոգիաները»,- ասել է նա: