Չորեքշաբթի, 25 Հուլիսի 2018 16:52

Չեխական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել Վայոց ձորում երկրաջերմային էլեկտրակայան կառուցելու համար

Չեխական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել Վայոց ձորում երկրաջերմային էլեկտրակայան կառուցելու համար

Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հուլիսի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ:

 

Ողջունելով դեսպանին՝ Միքայել Մելքումյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, անդրադարձել կառավարության հակամենաշնորհային եւ հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանն ուղղված քայլերին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են առեւտրատնտեսական կապերին, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին եւ ուղիներին վերաբերող հարցեր: Առաջարկվել է կազմակերպել հայ-չեխական գործարար համաժողովներ:

 

Խորհրդարանի փոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել չեխական արտադրության «Դանաե ինքնագնաց հաուբիցների եւ RM-70 ՀԿՌՀ-ների Սլովակիայից Իսրայել, ապա Ադրբեջան արտահանման կապակցությամբ:

 

Պետր Միկիսկան նշել է, որ այդ վաճառքն իրականացնողները չեն ունեցել Չեխիայի իշխանությունների թույլտվությունը:

 

Հանդիպման ընթացքում դեսպանը տեղեկացրել է, որ չեխական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել Վայոց ձորի մարզում երկրաջերմային էլեկտրակայան կառուցելու համար: