Չորեքշաբթի, 25 Հուլիսի 2018 18:59
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան առաջին քարտուղար. Մեր երկրների միջև տնտեսական հարաբերություններն այնքան զարգացած չեն, որքան կցանկանայինք

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան առաջին քարտուղար. Մեր երկրների միջև տնտեսական հարաբերություններն այնքան զարգացած չեն, որքան կցանկանայինք

Արմինֆո.Հնդկաստանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները զարգանում են, բայց այն մակարդակի վրա չեն, ինչը կցանկանայինք: Այդ մասին հուլիսի 24-ին Հայաստանում հնդկական ապրանքների 12-րդ ամենամյա ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում ասել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան առաջին քարտուղար Նիքհիլեշ Մոհան Դհիրարը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

 

«Մենք օգնում ենք Հայաստանին մի շարք ծրագրերի իրականացման հարցում: Մասնավորապես, Հայաստանում գործում է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն, ստեղծվել է համակարգչային կենտրոն Վանաձորում: Բացի այց, մի շարք ծրագրեր են գործում առողջապահության ոլորտում: Հուսով ենք, որ շուտով նոր համատեղ նախագծեր կիրականացվեն նաև կրթական ոլորտում»,- ասել է նա: Այս համատեքստում պրն. Դհիրարը հայտնել է, որ ամեն տարի Հնդկաստանի կառվարությունը ֆինանսավորում է Հայաստանի շուրջ 40 երիտասարդ քաղաքացիների ուսուցումը Հնդկաստանի բուհերում:

 

Խոսելով ցուցահանդեսի մասին՝ առաջին քարտուղարը նշել է, որ իր երկրի դեսպանատունը շահագրգռված է նման միջոցառումների անցկացմամբ և կարևորում է ցուցահանդեսների ու սեմինարների անցկացումը:

 

ԱրմԻնֆո-ի հետ զրույցում տոնավաճառ-ցուցահանդեսի կազմակերպիչները ընդգծել են, որ նկատի ունենալով Հայաստանում հնդկական արտադրանքի բարձր պահանջարկը՝ որոշվել է ցուցահանդեսը երկարաձգել մինչև օգոստոսի 5-ը՝ մինչև հուլիսի 22-ն ավելի վաղ նախատեսված ժամկետի փոխարեն: Հաշվի առնելով այցելուների մեծ հետաքրքրվածությունը՝ կազմակերպիչները արտադրանքի լրացուցիչ խմբաքանակ են պատվիրել: Հայաստանում ցուցահանդես-տոնավաճառում հնդկական ապրանքների իրացումից հասույթը տարեկան աճում է 8-10%:

 

Նշենք, որ այս տարի հնդկական ապրանքների ցուցահանդես-տոնավաճառն անցկացվում է 10:30-ից մինչև 21:00-ը Մաշտոցի պողոտա 7ա հասցեում: Կազմակերպիչների խոսքով, այս տարի ցուցահանդես կանցկացի նաև նոյեմբերին:

 

Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում բացակայում են Հայաստանի և Հնդկաստանի միջև փոխադարձ առևտրի վերաբերյալ տվյալներ: