Հինգշաբթի, 2 Օգոստոսի 2018 14:11
Նաիրա Բադալյան

ՀՀ առաջին փոխվարչապետը չի կասկածում բազմամիլիոն օտարերկրյա ներդրումների ներհոսքին

ՀՀ առաջին փոխվարչապետը չի կասկածում բազմամիլիոն օտարերկրյա ներդրումների ներհոսքին

Արմինֆո. ՀՀ կառավարությունն ակտիվ աշխատանք է տանում տնտեսություն ներդրումների ներգրավման ուղղությամբ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա ընդգծել է, որ բազմամիլիոն ծրագրերը հնարավոր չէ իրականացնել մի քանի ամսում, հետևաբար՝ պետք է սպասել:

 

Հուլիսի 20-ին լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստանի առնչությամբ ներդրումային մեծ հետաքրքրության առկայության մասին: Վարչապետի խոսքով, չնայած որոշակի ներդրումային նախագծերի առկայությանը՝ ներկայիս կառավարությունը ձեռնպահ կմնա ներդրողների անունները և ենթադրվող ներդրումների ծավալները նշելուց: «Ավելի ճիշտ կլինի, եթե դրանց մասին հայտարարվի այն բանից հետո, երբ դրանք իրականություն կդառնան»,- ասել է Փաշինյանը:

 

Հիշեցնենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո շատ փորձագետները Հայաստանում ներդրումային բում էին կանխատեսել: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, հունիսի 21-ին պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, հայտարարել էր Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու ներդրողների պատրաստակամության մասին: Կրկին անգամ առանց նշելու անուններ և ակնկալվող ներդրումների հստակ ծավալներ՝ նա նշել էր, որ ներդրումներ կկատարվեն ինչպես արդյունաբերության, այնպես էլ զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիական ծառայությունների ոլորտներում: «Խոսքը վերաբերում է բավական մեծ ծավալներին» - նշել էր նա: Ըստ նախարարի, Հայաստանում ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին  հայտարարվել է գրեթե բոլոր զարգացած երկրների ներդրողների կողմից: Իսկ նրանք, ովքեր արդեն որոշակի ներդրումային ծրագրերով են հանդես եկել, եվրոպական  երկրների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի ներկայացուցիչներ են: