
Արմինֆո. Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները Հայաստանի վրա ազդելու կամ վնասելու նպատակ չեն հետապնդում: Այդ մասին Հայաստանում ամերիկա-նիդերլանդական կապիտալով Gazelle Finance ՈւՎԿ գործունեության մեկնարկին նվիրված միջոցառման շրջանակներում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին: «Թույլ տվեք հստակեցնել, Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ուղղված են բացառապես Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ահաբեկչության և Իրաքում ահաբեկչական քայլերի ֆինանսավորման դադարեցմանը: Ավելին, պատժամիջոցները կառնչվեն Իրանի որոշակի կառույցների և ձեռներեցների, ովքեր ներգրավված են այդ գործունեությունում՚,- պարզաբանել է նա:
Դեսպանը հավելել է, որ այս առնչությամբ հայ ձեռներեցներին, ովքեր տնտեսական համագործակցություն ունեն իրանցի գործարարների հետ, անհրաժեշտ է խորհրդատվություններ ստանալ ԱՄՆ դեսպանատանը` պատահաբար պատժամիջոցային ցուցակում չհայտնվելու նպատակով: «ԱՄՆ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանին տնտեսական հարցում աջակցելու իր դիրքորոշմանը՚,- ընդգծել է դիվանագետը: