Չորեքշաբթի, 15 Օգոստոսի 2018 19:08
Ալինա Հովհաննիսյան

Եվրասիական զարգացման բանկը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում

Եվրասիական զարգացման բանկը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին:
 

Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ԵԶԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է համատեղ ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ և երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմամբ: 


Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահը հավելել է, որ բանկը ցանկություն ունի Հայաստանում առավել ընդլայնել իր գործունեությունը և պատրաստ է քննարկել տարբեր ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները: 
 

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարներին վերաբերող տարբեր հարցեր:

 

Նշենք, որ Եվրասիական զարգացման բանկը  (ԵԱԶԲ)  միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը  հիմնադրվել է  Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության կողմից 2006թ. հունվարին՝ մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը նպաստելու, դրանց կայուն տնտեսական աճի և փոխադարձ առևտրատնտեսական   կապերի ընդլայնման նպատակով: ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար: Բանկի անդամ պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը: