Ուրբաթ, 17 Օգոստոսի 2018 17:07
Ալեքսանդր Ավանեսով

Իրանի փոխնախարար. Հայաստանի աշխարհագրական դիրքը նպաստավոր է Իրանի, Վրաստանի, Ռուսատանի և Ծոցի երկրների միջև էլեկտրաէներգետիկ ծրագրեր իրականացնելու համար

Իրանի փոխնախարար. Հայաստանի աշխարհագրական դիրքը նպաստավոր է Իրանի, Վրաստանի, Ռուսատանի և Ծոցի երկրների միջև էլեկտրաէներգետիկ ծրագրեր իրականացնելու համար

Արմինֆո.ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արթուր Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ)  էներգետիկայի  նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան բարձրավոլտ  երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին, մասնավորապես՝ կապալառուի կողմից  աշխատանքները  պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան  իրականացնելուն:

 

Իրանի  էներգետիկայի նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը բավական նպաստավոր է Իրանի, Վրաստանի, Ռուսատանի, ինչպես նաև և Ծոցի երկրների միջև էլեկտրաէներգետիկական ծրագրեր իրականացնելու  առումով:

 

Նախարար  Գրիգորյանը իր  հերթին նշել է, որ տնտեսական համագործակցության  ակտիվացման համատեքստում լուրջ դերակատարություն կարող է ունենալ նաև Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցումը:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  նաև 2018 թ. Երևանում  կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ  նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և  համատեղ  ծրագրերը կյանքի կոչելու վերաբերյալ:

 

Ընդգծվել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում առանձնահատուկ  առաքելություն ունի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը:

 

Երկուստեք կարևորվել է փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը և նշվել, որ դրանք հնարավորություն են ընձեռում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին տալ  արդյունավետ լուծումներ:

 

Ավելի վաղ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը ԻՌՆԱ-ին հարցազրույցում ասել էր, որ Իրանը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ` Ռուսաստան իր էլեկտրաէներգիայի արտահանման նպատակով: «Մենք լրջորեն հետևում ենք Եվրապայի էլեկտրական ցանցերին Իրանի միացման ծրագրին՚,- ասել էր Ռեզա Արդաքանիանը` ավելացնելով, որ Իրանի հյուսիսային հարևանների միջոցով Եվրոպայի էլեկտրական ցանցերին միանալը սցենարներից մեկն է: Մինչդեռ իրանական էլեկտրաէներգիայի Հայաստանի տարածքով ռուսական շուկա դուրս գալու համար անհրաժեշտ է  Հայաստան-Վրաստան ԷՀԳ-ն, որի կառուցման նախագիծը առայժմ ձգձգվում է: Ընթացիկ տարվա մարտի 15-ին տեղի է ունեցել ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որում քննարկվել է Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գծի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Հավանության է արժանացել ծրագրի ֆինանսավորող` գերմանական KfW բանկի հետ համատեղ ընտրված «Ֆիխտներ» խորհրդատվական ընկերության հետ իրականացված քննարկումների արդյունքում ձևավորված տեխնիկական առաջադրանքը: Ըստ տեխնիկական առաջադրանքի` ծրագիրը բաժանվում է փուլերի: Առաջին փուլում նախատեսվում է իրականացնել 220կՎ լարման ենթակայանի վերակառուցում, 400կՎ լարման ենթակայանի, ինչպես նաև նոր բարձրավոլտ օդային գծի կառուցում մինչև Հայաստան-Վրաստան պետական սահման: Հաջորդ փուլերով նախատեսվում է 500կՎ ենթակայանի և հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցում: Ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով նախ կօգտագործվեն արդեն գործող ենթակայանները, որոնց վերակառուցումն ավելի քիչ ծախսատար է, քան նորի կառուցումը: Միաժամանակ, արդեն առկա ենթակառուցվածքներով էներգետիկ նշանակության հողատարածքի վրա, որը նախատեսված էր նոր ենթակայանի կառուցման համար, կկառուցվի արևային էլեկտրակայան, վերջինիս ծախսերը կկրճատվեն արդեն առկա ենթակառուցվածքների օգտագործման շնորհիվ: Արդյունքում ծրագրի ամբողջական արժեքը կկրճատվի առնվազն 30 տոկոսով: Բացի դրանից կկառուցվի նաև արևային ֆոտովոլտային կայան ծախսերի առնվազն 20 տոկոսի իրական տնտեսումով: Ընդգծվել է, որ ծրագրի առաջին փուլը պետք է ավարտվի Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի շինարարության ավարտից ոչ ուշ:

Ընդհանուր առմամբ, ծրագիրը պետք է իրականացվի Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի և Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարությանը զուգահեռ:Նախագծի շրջանակում նախատեսվում էր Հայաստանի և Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորում, ինչը կնպաստի փոխշահավետ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը ստեղծվող Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի շրջանակում: Ծրագրի նախնական արժեքը, FICHTNER ընկերության տվյալներով, կկազմի 326, 9 մլն եվրո, որի 10%  պետք է լինի Վրաստանի ավանդի մի մասը: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2019 թվականի վերջը: Մինչև 2019 թ. վերջը կավարտվի նաև Իրան-Հայաստան ԷՀԳ կառուցումը, ինչը թույլ կտա ստեղծել էներգետիկ միջանցք: