Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2018 14:07
Ալինա Հովհաննիսյան

Դիլիջանի գրավչությունը զբոսաշրջիկներին կներկայացնի նորաբաց տեղեկատվական կենտրոնը

Դիլիջանի գրավչությունը զբոսաշրջիկներին կներկայացնի նորաբաց տեղեկատվական կենտրոնը

Արմինֆո. Օգոստոսի  17-ին Դիլիջանում բացվել է Տավուշի մարզում առաջին Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը։

 

Կենտրոնը կառուցվել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն իրականացնում է Եվրոպական միության, Հայաստանի Տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ՝ համագործակցելով  Դիլիջանի համայնքապետարանի և Դիլիջանի Ազգային պարկի հետ։

 

Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնն առաջինն է Տավուշի մարզում, որն անվճար տեղեկատվություն է տրամադրելու Դիլիջան և տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին։ Կենտրոնի գլխավոր նպատակներից է բարձրացնել Դիլիջան Ազգային պարկի և հարակից բնակավայրերի զբոսաշրջային գրավչությունը և  դառնալ տարածաշրջանում զբոսաշրջության և հանգստի հետ կապված միջոցառումների համակարգման գլխավոր հարթակ:

 

«Եվրոպական միությունն աջակցում է կառավարությանը Հայաստանի մարզերի միջև հավասար սոցիալական և տնտեսական զարգացում ապահովելու համար՝ նոր աշխատատեղերի ստեղծման և մարզերի տնտեսական մրցակցության խթանման միջոցով։ Դիլիջանում Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի, Արհեստների ու արվեստների կենտրոնի հիմնումը Եվրամիության նախաձեռնության և IDeA հիմնադրամի հետ գործընկերության տեսանելի արդյունքներից են», - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը։

 

Զբոսաշրջիկները կենտրոնում կարող են տեղեկատվություն ստանալ տարածաշրջանում առաջարկվող զբոսաշրջային փաթեթների մասին, վարձակալել հեծանիվներ, վրաններ և արշավի համար նախատեսված այլ պարագաներ, գնել հուշանվերներ, որոնք պատրաստում են տեղի արհեստավարժ վարպետները։

 

Դիլիջան՝ Մաքսիմ Գորկու փողոց 15/2 հասցեում կառուցված կենտրոնի հարևանությամբ վերաբացվել է նաև Դիլիջանի քաղաքային զբոսայգին, որի  բարեկարգումն իրականացվել է IDeA հիմնադրամի ծրագրով։  Բարեկարգվել են այգու ճեմուղիները, խաղահրապարակը, տեղադրվել են նստարաններ ու աղբամաններ, արդիականացվել է այգու լուսավորությունը։

 

 

 

«IDeA հիմնադրամը շարունակական և մեծածավալ նախագծեր է իրականացնում Դիլիջանում, որոնց նպատակն է այս տարածաշրջանը դարձնել մշակութային, կրթական, առողջապահական և զբոսաշրջային առաջատար կենտրոն։  Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի հիմնումը, ինչպես նաև

քաղաքային զբոսայգու բարեկարգումն ստեղծում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որպեսզի Դիլիջանը դառնա Կովկասյան  Դավոս, ուր աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկներին կառաջարկվեն բարձրակարգ ծառայություններ»,- ասել է IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը կարևորել է ծրագրի արդյունքները համայնքի զբոսաշրջային գրավչության բարձրացման և բնակիչների զբաղվածության ապահովման տեսանկյունից։

«Կենտրոնի բացումը և զբոսայգու բարեկարգումը սպասված իրադարձություն է մեր քաղաքի բնակիչների համար։ Ուրախությամբ ենք արձանագրում, որ զբոսաշրջիկներին ծառայություններ մատուցելուց բացի նորակառույց Զբոսաշրջային կենտրոնը մշտական աշխատանքով է ապահովելու Դիլիջանի և հարակից համայնքների բնակիչներին, իսկ բարեկարգված զբոսայգին կդառնա մեր համաքաղաքացիների հանգստի սիրելի վայրը»,- նշել է Դիլիջան համայնքի ղեկավարը։  Դիլիջանի Զբոսաշրջային կենտրոնում աշխատանքի տեղավորված  6 բնակիչները ծրագրի ուղղակի շահառուներ են: