Արմինֆո. Բիզնես Արմենիայի և լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցությամբ կազմակերպվել է լիբանանցի գործարարներից և պետական պաշտոնյաներից կազմված պատվիրակության այցը Հայաստան։
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, նախորդ 2 օրերի մշակութային-ճանաչողական օրակարգից հետո պատվիրակությունն այսօր գործնական քննարկումները սկսել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպմամբ։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը, ՀՀ ՏԶՆ նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանը և Ավագ Ավանեսյանը, Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը, նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, այլ պաշտոնատար անձինք։
Ողջունելով հյուրերին, Արծվիկ Մինասյանը նշել է, որ Լիբանանի հետ ունենալով շատ ընդհանրություններ և սերտ բարեկամական կապեր, հնարավոր է և անհրաժեշտ երկու երկրների տնտեսական հարաբերությունները դարձնել զարգացման հզոր գործիք, ինչի համար պետք է մեկտեղել ինչպես երկու երկրների կառավարությունների, պետական մարմինների, այնպես էլ գործարար համայնքների ներուժը և ջանքերը։ Նախարար Մինասյանը հակիրճ ծանոթացրել է լիբանանցի գործարարներին Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ և ԵՄ հետ կնքած համաձայնագրով պայմանավորված, այդ երկրների շուկաներ արտահանման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու արտոնություններին, մի շարք այլ երկրների հետ ունեցած տնտեսական հարաբերությունների առավելություններին։ Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի գործարարները վստահ լինեն, որ իրենց իրավունքները պաշտպանված են, և կոչ է արել լիբանանցի գործարարներին ներդրումներ կատարել Հայաստանում և զբաղվել գործարարությամբ։
Հանդիպման ընթացքում լիբանանցի գործարարները ներկայացրել են իրենց հետաքրքրությունները և ակնկալիքները, քննարկվել են նաև նոր ներդրումների հետ կապված հարցեր։
Ավելի վաղ՝ 2017 թ. դեկտեմբերին և 2018-ի մարտին (վարչապետի գլխավորությամբ) տեղի են ունեցել հայաստանյան գործարար առաքելությունները դեպի Լիբանան։ -օ-
Լիբանանցի ներդրողները Հայաստանում հիմնականում հետաքրքրված են գյուղատնտեսության, էներգետիկայի, կառուցապատման և այլ ոլորտներոով։ Այցելության վերջին օրը նախատեսված է հանդիպում «գործարար զրույցներ» ձևաչափով։
Լիբանանյան պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Գյուղատնտեսության, Խաղողագործության և գինեգործության, Զբոսաշրջության, Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամների ղեկավարների հետ։ 5-օրյա գործարար առաքելության ընթացքում լիբանանցի ձեռներեցները կայցելեն նաև Շիրակի մարզ։